Ինչո՞ւ է ձգձգվում Արդարադատության նախարարի նշանակումը
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից Հովհաննես Մանուկյանի հրաժարականից հետո անցել է ավելի քան 1 ամիս, սակայն ՀՀ իշխանությունները չեն շտապում նոր նշանակման հարցում: Նախարարի աթոռի հավանական թեկնածուների անունները ժամանակ առ ժամանակ ավելի ակտիվորեն են շրջանառվում: «Ցուցակում» են ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանն ու Կորյուն Նահապետյանը, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը, ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը:
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ նախարարի թեկնածուի անունը հայտնի կլինի արդեն այսօր, քանի որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում է արձակուրդ և այսօր կայացած կառավարության նիստում պետք է հաստատվի նախարարի թեկնածուն: Սակայն գործադիրն ընդհանրապես չանդրադարձավ նոր նախարարի նշանակման կամ թեկնածության առաջադրման հարցին:
168.am-ի հետ զրույցում նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը պարզաբանեց, որ դա օրակարգային հարց չէ և չէր կարող կառավարության քննարկման առարկա դառնալ, վարչապետի առաջարկությամբ նախարար նշանակում է նախագահը:
Թե ինչո՞ւ է այսքան ժամանակ ձգձգվում նախարարի նշանակումը, Ա. Մկրտչյանը չկարողացավ պատասխանել. «Չգիտեմ, տեղյակ չեմ»: