Բաժիններ՝

Ջրհեղեղից տուժած Թբիլիսիի կենդանաբանական այգին իր դռները կբացի սեպտեմբերին

Թբիլիսիի կենդանաբանական այգին, որի մեծ մասը ոչնչացվել էր հունիսյան աղետալի ջրհեղեղի հետևանքով, կվերսկսի իր աշխատանքը սեպտեմբերից, հայտարարել է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն: Այս մասին հայտնում է Sputnik-ը:

Նրա խոսքով՝ կգործի այգու այն հատվածը, որը ջրհեղեղի ժամանակ չի տուժել:
«Ներկայում դեռ շարունակվում են կենդանաբանական այգու վերականգնման ու մաքրման աշխատանքները: Մաքրման աշխատանքները գրեթե ավարտվել են, սակայն կան դեռ որոշ դետալներ, որոնք հարկավոր է ավարտել»,- ասել է Գուրիելիձեն լրագրողներին:

Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ կենդանաբանական այգին կհամալրվի նոր կենդանատեսակներով, այդ թվում՝ կապիկներով:

«Միակ բանը, որ խանգարում է մեզ կենդանիներ բերել, այն է, որ վանդակաճաղերի մեծ մասն ավերված է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ի գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ամբողջությամբ ոչնչացել էր Թբիլիսիի կենդանաբանական այգու ներքևի հատվածը: 600 կենդանուց ողջ էր մնացել մոտ կեսը: Որոշ կենդանիներ փախել էին, այդ թվում՝ գիշատիչներ:
Կենդանիների մի մասին փրկարարները ստիպված էին եղել քնեցնել ու վերադարձնել կենդանաբանական այգի, մի մասին ոչնչացրել էին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս