Սահմանադրության նոր նախագծի 3 ամենադրական կետերը՝ ըստ Գագիկ Մինասյանի

Սահմանադրության նոր նախագծի 3 ամենադրական կետերն են՝ կիանախագահական համակարգին բնորոշ կոնֆլիկտային իրավիճակից հանրապետությունը զերծ պահելը, ընդդիմության դերի մեծացումը քաղաքական գործընթացներում և հասարակության դերի մեծացումը քաղաքական գործընթացներում: Այս երեք կետերն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարևորեց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը:

Նա նշեց, որ պետք է քայլեր ձեռնարկել հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Ըստ Մինասյանի՝ քաղաքացիական հասարակության ձևավորմանը զուգընթաց առավել հաճախ ականատես ենք լինում, որ քաղաքական դաշտում չներկայացված ուժերը իրենց տեսակետը փորձում են հասցնել իշխանություններին. «Առաջարկվող Սահմանադրության նախագիծը թույլ է տալիս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Հակառակ դեպքում քաղաքացիական հասարակությունը ստիպված է սպասել մինչև հաջորդ ընտրություններ»:

Անդրադառնալով խոհրդարանական համակարգի անկայունությանը՝ Գ.Մինասյանը նշեց, որ Իտալիան շատ է տուժել դրանից, լուծումը կայուն մեծամասնությունն է, բայց կարող է քաղաքական ուժերը չգան համաձայնության և չկարողանան ձևավորել կայուն մեծամասնություն, դրա համար տեղի կունենա երկրորդ փուլ, որին կմասնակցեն առաջին և երկրորդ տեղերը գրաված քաղաքական ուժերը:

Դատական համակարգում նշանակումների մասով Գ.Մինասյանը նշեց, որ խորհրդարանական մեծամասնությունը ինքնուրույն ոչինչ չի կարող, անհրաժեշտ ձայները 3/5-րդն է և քիչ հավանական է, որ մի քաղաքական ուժը 60 և ավելի տոկոս է հավաքում խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

«Ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, որ բարձրացվում է խորհրդարանական փոքրամասնության դերը և պետք է նրա հետ համաձայնության գնա մեծամասնությունը»,- ասաց Գ.Մինասյանը:

Տեսանյութեր

Լրահոս