
Տյանցզինում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 112-ի, 95 մարդ անհետ կորած է համարվում

Տյանցզին քաղաքում պայթյունների հետևանքով 95 մարդ անհետ կորած է համարվում, նրանցից 85-ը հրշեջ է, հայտնել են չինական իշխանությունները: Պայթյուններից հետո ողջ մնացածների հայտնաբերելու հավանականությունը ցածր է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նվազագույնը 112 մարդ է զոհվել պայթյունների հետևանքով, տուժել է 721 մարդ, նրանցից 25-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 33 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել:
Վնասակար նյութերով լի պահեստում պայթյուններն այնքան հզոր են եղել, որ զոհերի մեծ մասի մարմինները հնարավոր չէ նույնականացնել:
Մինչ այժմ հաջողվել է պարզել 24 մարդու ինքնությունը: Փորձագետներն անցկացնում են ԴՆԹ անալիզ, որպեսզի կարողանան նույնականացնել զոհերի աճյունները:
Տյանցզին է մեկնել նաև Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը:
Բազմաթիվ բնակիչներ ու անհետ կորածների հարազատները բողոի ակցիա են անցկացնում: Նրանց կարծիքով՝ իշխանությունները բավականաչափ տեղեկություն չեն հայտնում պահեստներում պահվող քիմիկատների մասին: