Նյու Յորքում հարյուրավոր զույգեր կրկնել են 1945 թվականի հայտնի լուսանկարի համբույրի տեսարանը
Մի քանի հարյուր զույգ է դուրս եկել Նյու Յորքի փողոցներ՝ կրկնելու համբույրի հայտնի տեսարանը, որը ֆիքսել էր լուսանկարիչ Ալֆրեդ Էյզենշտադտն այն օրը, երբ տոնվում էր 1945թ. օգոստոսի 14-ին Ճապոնիայի դեմ տարած հաղթանակը, գրում է Interfax-ը:
Լուսանկարում նավաստին համբուրում է սպիտակ խալաթով բուժքրոջը:
Ինչպես նշում է պարբերականը, ակցիայի բազմաթիվ մասնակիցներ հագնվել են այնպես, ինչպես պատկերված էր լուսանկարում ու փորձել են առավելագույնս ճիշտ կրկնել դիրքը՝ տղամարդիկ ամուր գրկել են կանանց, ովքեր դիտմամբ աջ ոտքը մի փոքր հետ են գցել:
Ակցիայի պատվավոր հյուրեր են դարձել Երկրորդ աշխարհամարտի բազմաթիվ վետերաններ:
1945թ. օգոստոսի 14-ին Ճապոնիայի կայսր Հիրոխիտոն ռադիոյով դիմեց ճապոնացիներին ու հայտարարեց Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին: Այդ օրը Նյու Յորքի Թայմս-սքվերում հավաքվեց ավելի քան 2 մլն մարդ տոնելու այդ իրադարձությունը: