
Ջորջ Սորոսը վաճառել է Alibaba-ում իր մասնաբաժնի մեծ մասը

Ամերիկացի ներդրող ու միլիարդատեր Ջորջ Սորոսը վաճառել է չինական Alibaba ինտերնետ-ռիթեյլերում ունեցած իր բաժնետոմսերի մեծ մասը, հայտնում է Bloomberg-ը:
Այս տարվա առաջին եռամսյակի տվյալով՝ Soros Fund Management հիմնադրամին էին պատկանում Alibaba-ի՝ 370 մլն դոլար արժողությամբ բաժնետոմսերը:
Հունիսի 4-ի դրությամբ նա կրճատել է իր մասնաբաժինը մինչև 4,9 մլն դոլար: Այս մասին են վկայում ամերիկյան ֆինանսական կարգավորողի տվյալները:
Այս տարեսկզբից Alibaba-ի բաժնետոմսերի փոխարժեքն ընկավ 26%-ով այն դեպքում, երբ S&P 500 ֆոնդային ինդեքսը աճեց 1,2%-ով: Ներդրողները դժգոհ են Alibaba-ի գործառնական ցուցանիշներից ու ընկերության աճի դանդաղումից:
Alibaba-ին են պատկանում Չինաստանում խոշորագույն էլեկտրոնային կոմերցիոն հարթակները: Alibaba-ին է բաժին ընկնում Չինաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառության 80%-ը: