
Սիրիայի քրիստոնյա բնակչության գրեթե կեսը հեռացել է երկրից

Սիրիայի քրիստոնյա բնակչության գրեթե կեսը վերջին տարիներին լքել է երկիրը ռազմական գործողությունների պատճառով:
Մոտավորապես 700 հազար քրիստոնյա է ստիպված եղել փախչել երկրից, հայտարարել է «Օգնություն աղետի մեջ հայտնված եկեղեցուն» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Նյուտոնը, ում խոսքերըը մեջբերում է The Christian Post կայքը:
«Այնտեղ պատերազմից առաջ բնակվում էր մոտ 1,75 մլն քրիստոնյա: Դա նշանակում է, որ սիրիացի քրիստոնյաների մոտ 40%-ը հեռացել է»,- հայտարարել է նա:
Այսպես, մասնավորապես քրիստոնեական Մաալուլա գյուղում մնացել է ընդամենը մի քանի հարյուր բնակիչ, այնինչ նախկինում գյուղն ուներ մոտ 3000 բնակիչ:
Մաալուլայում են գտնվում հնագույն քրիստոնեական տաճարներ, իսկ դրա բնակիչները խոսում են գրեթե անհետացած արամեերեն լեզվով, որով խոսել է Հիսուսը:
Իրաքում, ըստ Նյուտոնի, 120 հազար քրիստոնյա է լքել իր տունը: Նրանցից շատերը հեռացել են երկրից: