ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն մեկնել է Լոռի` մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այցը մեկնարկել է Սպիտակ քաղաքից, որտեղ Նախարարը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղել է «Սպիտակ» հասարակական կազմակերպության հիմնած ջերմոցային տնտեսությունում, որն ընդգրկում է 2000 քմ տարածք:

Այստեղ վարունգի մշակության փորձնական ծրագիր է իրականացվում, որի շնորհիվ թվով 10 հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիր է լուծվել, ստացված բերքն իրացնում են տեղական շուկայում, ոռոգումը կաթիլային եղանակով են կատարում: Աշխատողների խոսքով` մշակության ընթացքում որոշակի խնդիրներ է առաջացրել լվիճը, սակայն ԳԱՄԿ-ի մասնագետի օգնությամբ վնասատուի դեմ միջոցներ են ձեռնարկվել, և կանխվել է բերքի կորուստը:

Նախարարն իր հերթին նշել է, որ անհրաժեշտության դեպքում կարող են լրացուցիչ մասնագետներ ներգրավել` խորհրդատվություն տրամադրելու համար: Ջերմոցային տնտեսության հարևանությամբ նաև շուրջ 2 հեկտար տարածքի վրա խնձորի նորատունկ այգիներ են հիմնվել: Մշակությունը դարձյալ կաթիլային ոռոգման համակարգի կիրառմամբ է իրականացվում, նախատեսվում է նաև հակակարկտային ցանց ներդնել: Այնուհետև նախարարն ուղևորվել է Մեծ Պարնի, որը մարզի այն ութ համայնքներից մեկն է, որտեղ գյուղատնտեսության զարգացման համար կարևորագույն խնդիրներ են լուծվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի միջոցներով:

Մասնավորապես մարզի գյուղական համայնքներում ընդհանուր առմամբ կառուցվել է շուրջ 7.5 կմ ջրարբիացման համակարգ, տեղադրվել է 35 խմոց, ջրարբիացվել են նախկինում թերի կամ չջրարբիացված շուրջ 12 350 հա արոտներ, ինչպես նաև տրամադրվել է 45 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 11 տրակտոր

: Նախարար Սերգո Կարապետյանը, անդրադառնալով կատարված աշխատանքներին, իր խոսքում հատկապես կարևորել է բարձր որակի ապահովման հարցը` շեշտելով, որ մեծածավալ ներդրումներ են կատարվել, և անհրաժեշտ է, որպեսզի դրանք արդյունավետ ծախսվեն և ծառայեն երկարաժամկետ հատվածի համար խնդիրների լուծմանը: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրում, որն այս տարի է մեկնարկել, նախատեսվում է ևս 11 համայնք ընդգրկել, 5-ում արդեն նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Նախարարը եղել է նաև Մեծ Պարնի համայնքի ցորենի ցանքատարածություններում, հետևել բերքահավաքի ընթացքին, ինչպես նա դիտարկել կարտոֆիլի դաշտերը: Նախարարի խոսքով` այս տարի Լոռու մարզում բավականաչափ ավելացել են մշակովի հողատարածքները, ընդհանուր առմամբ նախորդ տարվանից շուրջ 3153 հեկտարով ավել հող է մշակվել, շուրջ 1885 հեկտարով ավելացել են հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի, 362` հեկտարով կարտոֆիլի, 671` հեկտարով կերային մշակաբույսերի և 116 հեկտարով` բանջարեղենի ցանքատարածությունները, համապատասխանաբար ակնկալվում է նաև համախառն բերքի արտադրության ծավալների աճ:

«Գյուղատնտեսական տարին բարեհաջող էր, և այսօր հատկապես գյուղմթերքի արտահանումների ծավալների աճ ենք արձանագրում, որը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը: Ես հույս ունեմ, որ տարեվերջի ցուցանիշները մենք կփակենք 2014 թվականի նկատմամբ արտահանման ծավալների կրկնապատկումով»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նախարար Կարապետյանը: Նախարարի այցի վերջին կանգառը Միխայլովկա համայնքն էր, որտեղ հետևել է ցորենի բերքահավաքի ընթացքին, զրուցել գյուղացիների հետ. այստեղ ցանքսը կատարել են պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրված էլիտային սերմնացուներով և անգամ անջրդի պայմաններում հեկտարից մինչև 55 ցենտներ բերք են ակնկալում ստանալ:

Տեսանյութեր

Լրահոս