Գյումրու ծայրամասային թաղերի մանկապարտեզներում երեխաների թիվը չի համալրվում
asparez.am-ը գրում է. Գյումրու համայնքապատկան մանկապարտեզներում, թեպետ, երեխաների ընդունելությունը կատարվում է ամբողջ տարվա ընթացքում, սակայն նոր ընդունվող երեխաների հոսքը նկատվում է ամռան ամիսներին եւ, հատկապես, սեպտեմբերին:
Այս տարվա հոնիսին Գյումրու համայնքապատկան 24 մանկապարտեզն ավարտեց 816 երեխա, նույն թվաքանակով երեխաների ընդունելությունը գրեթե անհնար կլինի որոշ մանկապարտեզներում: Սա պայմանավորված է որոշ թաղերում բնակչության խտության աստիճոնով: Գյումրու որոշ թաղերում բնակչության թիվը տարեցտարի պակասում է. սա բացատրվում է ոչ միայն արտագաղթով, այլեւ քաղաքի այլ թաղեր բնակարաններ ստանալու, բնակարաններ գնելու գործոններով:
Գյումրիում գործում է 24 համայնքապատկան մանկապարտեզ, որից 3-ը` Անի թաղամասի տարբեր հատվածներում: «Մուշ» նորակառույց թաղերում այդպես էլ չի բացվել համանքային նախադպրոցական ուսումնական հաստատություն: Այս թաղերում նախադպրոցական տարիքի երեխաները հաճախում են դպրոցներին կից բացված նախակրթարաններ: Այս նախակրթարանները, սակայն, մանկապարտեզներին բնորոշ գործառույթները չեն կատարում: Օրինակ` այստեղ երեխաների ընդունելությունը, ըստ ծրագրի, կատարվում է ավագ խմբերում, նաեւ, ի տարբերություն համայնքային մանկապարտեզների, այստեղ երեխաների համար չկա քնի ժամ: Այն, որ այս թաղամասերում մանկապարտեզ բացելու անհրաժեշտություն կա, հաստատում են նաեւ թաղի բնակիչները: Քաղաքապետարանը, սակայն, մինչ այժմ գործնական քայլեր չի ձեռնարկում:
Երեկ որոշ մանկապարտեզներում կատարած հարցումների ընթացքում պարզվեց, որ մանկապարտեզների տնօրենները, այնուհանդերձ, ի տարբերություն նախորդ տարիների, դրական տեղաշարժ են նկատում: «Լապտերիկ» (Թամանյան փողոց), «Լիանա» (Շիրակացի փողոց) մանկապարտեզներում ընդունվող երեխաների թվաքանակը գոհացնող է: Հակառակ այս մանկապարտեզների` «Լուս աստղիկում» (Դեմիրճյան փողոց) երեխաների ընդունելության ակտիվություն դեռ չի նկատվում:
Տնօրենն ասում է` մանկապարտեզն այս տարի ունեցել է 61 շրջանավարտ, նույն թվաքանակով երեխաների ընդունելություն կլինի, թե ոչ` դեռ անհայտ է: Նոր ընդունված երեխաների թվաքանակը գոհացնող չէր նաեւ քաղաքի այլ թաղերում գործող մանկապարտեզներում, իսկ որոշ հաստատությունների տնօրեններ էլ հույս ունեն, որ սեպտեմբերին կկարողանան ունենալ ընդունելության գոհացնող արդյունքներ: Հենց այս նույն ամսում էլ քաղաքապետարանի աշխատակազմի կրթության բաժինը կներկայացնի նոր ընդունվող երեխաների ամփոփ թվաքանակի մասին տեղեկություններ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: