Էրդողանն ու Մարգվելաշվիլին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Թուրքիայում ստեղծված իրավիճակը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Վրաստանի նախագահի ադմինիստրացիայի մամլո ծառայությունը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել Թուրքիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մարգվելաշվիլին խորը անհանգստություն է հայտնել վերջին շրջանում Թուրքիայում ուժեղացած ահաբեկչությունների առնչությամբ ու աջակցություն է հայտնել Անկարային:
«Վրաստանը միանշանակ դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում ու միջազգային հանրության հետ շարունակում է պայքարը մեր ժամանակների ամենամեծ սպառնալիքներից մեկի դեմ»,- նրա խոսքերը մեջբերում է «Ինտերպրեսնյուզը»:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար ու կարևորել Վրաստանի ավանդը միջազգային խաղաղության ու կայունության հարցում:
Էրդողանը ընդգծել է, որ Թբիլիսին Անկարայի ամենակարևոր գործընկերներից է: Նա պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Թբիլիսիում հունիսի 13-ին տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին:
Քննարկվել են նաև երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության հարցեր: