2016թ. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում. Արմեն Աշոտյան
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասյօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ վերջին տասը տարիների ընթացքում ինտելեկտուալ շարժումը Հայաստանում գտնվում է ՀՀ կառավարության հովանու ներքո, համապատասխան բյուջետային հատկացումներ և ծրագրավորված նպատակային աշխատանք է տարվում՝ ինտելեկտուալ շարժումը Հայաստանում պրոպագանդելու և ավելի համատարած դարձնելու:
Նախարարը նշեց, որ Հայաստանը հայտ էր ներկայացրել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» միջազգային ասոցիացիային, որպեսզի հաջորդ տարի Հայաստանում անցկացվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը, որը, ըստ նրա՝ ամենակարևոր միջոցառումն է միջազգային ինտելեկտուալ շարժման մեջ և պատիվ է բերում այն երկրին, որտեղ կազմակերպվում է.
«Օրեր առաջ ասոցիացիայի նախագահի կողմից ստացել ենք գրավոր հաստատումն առ այն, որ Հայաստանի գիտակների ասոցիացիայի հայտը՝ 2016թ. աշխարհի առաջնությունը Հայաստանում, մասնավորապես՝ Ծաղկաձորում, անցկացնելու հետ կապված, դիտարկվել է և նախագահության կողմից հաստատվել: 2016թ. մեզ խնդրում են հյուրընկալել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի չեմպիոնատը»:
Հայաստանի կողմից կազմակերպական աշխատանքների համակարգողը կլինի Արմեն Աշոտյանը, Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը կզբաղվի գործադիր հարցերով:
«Միասին կաշխատենք միջազգային ասոցիացիայի հետ, որտեղից նույնպես կլինի համակազմակերպիչ կոմիտե: Մի քանի շաբաթ հետո արդեն կժամանեն մեր գործընկերները, որպեսզի տեղում ծանոթանան Ծաղկաձորի հյուրանոցային հնարավորություններին: Մի խոսքով՝ սեպտեմբերի 3-4-ից սկսում ենք նախապատրաստվել 2016թ.
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությանը: Նախագահի հովանու ներքո անցկացվելիք այս միջոցառումը շատ կարևոր է լինելու՝ գիտելիքի պրոպագանդայի առումով»,- ավելացրեց նախարարը:
Ա. Աշոտյանը նաև նշեց, որ այս խաղը և առհասարակ ինտելեկտուալ շարժումը քաղաքական իմաստ են ստացել միջազգային ասպարեզում. «Մեր հարևան երկրները տարիներ շարունակ հատուկ ուշադրությամբ քարոզում են ինտելեկտուալ շարժումը: Մենք մի փոքր ուշացած մտանք այս գործի մեջ, որովհետև չունեինք համապատասխան ֆինանսական հնարավորություններ»: