ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 1.3 մլն դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 03–07.08.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 650.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 204.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 121.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 82.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Երևանի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Տավուշի և Շիրակի տարածքային բաժինների կողմից մեկական տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 50.0 հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ, իսկ Երևանի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 150.0 հազար դրամի վարչական տուգանքի 2 որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.3 մլն դրամ (տարվա սկզբից 155.1 մլն դրամ):