Բաժիններ՝

Ինձ մի սպանեք ամեն օր. Անի Երանյանի բաց նամակը

Դերասանուհի Անի Երանյանը Facebook-ում տեղադրել է գրառում, որը վերնագրել է `«Բաց նամակ հայիս»: Այն ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Բաց նամակ Հայիս

Իմ սիրելի հայ՝ հայ մնացածներ…

Երբևէ չեմ անդրադարձել Ձեր կողմից արժանացած թ՛ե լավ, թ՛ե վատ մեկնաբանություններին…( դե՛, «լավ»-ով միշտ հպարտացել եմ, շնորհակալ եղել լուռ կամ բարձրաձայն , իսկ «վատն» էլ… Ա՜խ ,այդ վատը… Վատն էլ ստիպեց գրիչս ձեռքս վերցնել ու…)…

Գիտե՞ք, ասում են` «Բառը քարի նման է. եթե իր տեղը չի դրվում, դիմադրում է: Բառը քարից ավելի համառ է: Քարը կարելի է տաշել-տաշտշել, հարմարեցնել, բառը միայն իր տեղն է ուզում: Եվ ինչ բառեր են մեռնում, երբ դրվում են ոչ իրենց տեղում….

Բառը քարի նման է.. Բառերից էլ կարելի է տաճար կառուցել, տաճար, որտեղ կմաքրվի ու կվեհանա մարդու հոգին, նաև կարելի է բառը դնել պարսատիկի մեջ և, «դիպուկ »լինելու դեպքում, բառով մարդ սպանել»: Ինձ մի՛ սպանեք ամեն օր…

Գիտեի, թե դադարել եմ զարմանալ… բայց ախր ինչպես չզարմանալ հենց իմ հայի թթու խոսքից, հենց իմ հոր տարիքի հայի անշնորհք բառերից, մորս գեղեցկությանը հասնող կանանց չկամությունից ու չարսրտությունից, տատիս կնճիռները ունեցողների անեծքներից, եղբորս երիտասարդությունն ունեցողի անշնորհքությունից , քրոջս թարմությունն ունեցողի նախանձից ու ատելությունից… … Հետաքրքիր բան է մեր կյանքը… Չարը խոսում է բարությունից, անբարոյականը՝ բարոյականությունից, անաստվածը՝ աստվածավախությունից, չմարդը՝ մարդկությունից…

Ախր, գոնե շատերդ մ՛ի ընտրեք սուտի հայրենասերի դերը ու լրջորեն խաղացեք այն.. « Օ՜, այդ ձրի հայրենասերները…Նրանց համար Հայրենիքը Արարատների գունավոր լուսանկարն է` փակցրած հյուրասենյակի պատին, հայկական ճաշարանն է` շիշ- քյաբաբով, կծու-թթու-մռու ուտելիքներով…»:

Որևէ մեկը դժգոհե՞լ է, թե ինքը սիրտ կամ խելք չունի…Չե՛մ լսել… Եվ հետո՝ խելքն օրինակ, կոճակ չէ, որ կարես մարդու գլխին և գլուխը խելոքանա»:

Դեռ չեմ ապաքինվել… ու ով գիտի՝դեռ ինչ կլինի իմ, քո, նրա, մյուսի հետ… բայց չէէէէ՛, շատերդ ձեր սրբազան պարտքը համարե՛ք վարկաբեկել, չարախոսել, ձեր չակերտավոր խելացիությունն ու կիսատ-պռատությունը մեկնաբանություններում խցկել… Ախր, եթե դատում եք՝ սկսեք ձեզնից , եթե սխալվել եք՝ ժամանակ ունեք ուղղվելու… Մարդի՛կ, դեռ ամեն ինչ չէ, որ կորած է , չէ՞ որ աշխարհն ի սկզբանե մաքուր էր… Ասածիս ապացույցը հազարավոր մարդկանց աղոթքներն էին , լավ ու բարի խոսքերն ու թեկուզ հասարակ մի բառով ուժ տալը … Ձեզնով կրկին համոզվեցի , որ կյանքը հիասքանչ է..

Կյանքը հիասքանչ է, երբ պայուսակումդ միշտ կոնֆետ Կա երթուղայինում լացող երեխաների համար…..իսկ գրպանումդ միշտ փող` գիրք գնելու համար:

Կյանքը հիասքանչ է, երբ թաքնված փողոցներում տեսնում ես նրան, ում չես հանդիպում անգամ ամենամարդաշատ սրճարաններում:

Առհասարակ, կյանքը հիասքանչ է, երբ քեզ օրհնում են` երթուղայինում տեղ զիջելու և շնորհակալություն հայտնում` լացը կտրած կոնֆետի համար……. Հիասքանչ է կյանքը…
Հա, ու մի բան էլ` առաջնային աղոթում եմ ազգիս, ընտանիքիս , վերջում նոր ինձ համար… «Մեր ժողովուրդը իմն է` ինչպես իմ աչքերը, մայրը, հիվանդությունը, հիշողությունը, իմ կարոտը, իմ վիշտը»:

Հ.Գ. Խոսքումս շատ եմ մեջբերել իմ սիրելի Վարդգես Պետրոսյանին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս