Արայիկ Հարությունյանն ընդունել է բարերար Մհեր Մովսեսյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 8­-ին ընդունել է ռուսաստանահայ բարերար Մհեր Մովսեսյանին:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ողջունելով Մ. Մովսեսյանի նախաձեռնություններն Արցախի տնտեսության և սահմանամերձ բնակավայրերի զարգացման գործում՝ վարչապետը կարևորել է սփյուռքի հետևողական մասնակցությունը թե՛ բարեգործական և թե՛ տնտեսական ծրագրերում:

«Արցախի անվտանգ և բարեկեցիկ գոյության միակ ուղին սահմանների ամրության ու տնտեսական զարգացման զուգակցման մեջ է: Համոզմունքս է, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է իր լուման ներդնել այդ գործում: Ուստի, կցանկանայի Արցախի բնակչության և իշխանությունների անունից շնորհակալություն հայտնել Ձեր հայրենանվեր գործունեության համար»,­-բարերարին ուղղված խոսքում ընդգծել է Ա. Հարությունյանը:

Մ. Մովսեսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակական մասնակցություն բերել հանրապետության կենսագործունեության տարբեր ծրագրերում՝ կարևորելով կառավարության համակարգող դերակատարումը: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները և ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ:

Տեսանյութեր

Լրահոս