Վրաստանի ու Ռուսաստանի վարչապետները ռուս-վրացական կոնֆլիկտի տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով

Թբիլիսին հուսով է վերականգնել երկխոսությունը իրենից անջատված ինքնահռչակ հանրապետությունների հետ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հարգելով 2008թ. օգոստոսյան ռուս-վրացական կոնֆլիկտի զոհերի հիշատակը:

Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օգոտոսի 8-ից՝ կոնֆլիկտն սկսվելու օրից, անցել է 7 տարի:
«Հասկանալի է, մենք պետք է խելամիտ քաղաքականություն վարենք Ռուսաստանի հետ, սակայն, միևնույն ժամանակ, լինենք սկզբունքային, քանի որ դրանք մեր տարածքներն են, ու վրացի ժողովուրդը երբեք չի հաշտվի առանց աբխազների ու օսերի կյանքի հետ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

«Այսօր Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի օկուպացիան, անշուշտ, շարունակվում է, ու մեր կառավարությունը խելամիտ քաղաքականության օգնությամբ փորձում է կասեցնել այդ գործընթացը: Մեզ համար կարևորը խաղաղությունն ու կայունությունն են: Եթե մենք ցանկանում ենք վերադարձնել կորցրած տարածքներն ու ապրել մեր աբխազ ու օս եղբայրների հետ, ապա դա հարկավոր է անել խաղաղ բանակցությունների ճանապարհով»,- ասելէ Վրաստանի վարչապետը:

Իր հերթին, այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ կապված ռուս-վրացական պատերազմի տարելիցի հետ:

«7 տարի է մեզ բաժանում Հարավային Օսիայի դեմ Վրաստանի ագրեսիայից: 2008թ. օգոստոսի 7-ի, լույս 8-ի գիշերը վրացական կանոնավոր բանակը, օգտագործելով ծանր հրետանի, տանկեր, ավիացիա, սարսափելի հարված հասցրեց Ցխինվալի բնակելի տներին, հիվանդանոցներին, դպրոցներին: Մի քանի ժամում սպանվեցին ու վիրավորվեցին հազարավոր մարդիկ: Սպանվեցին ռուս խաղաղարարներ, ովքեր ՄԱԿ-ի մանդատի համաձայն կոչված էին խաղաղություն ապահովել»,- Facebook-ի իր էջում գրել է Մեդվեդևը:

«Այսօր մենք օգնում ենք հանգիստ ու անվտանգ կյանք ապահովել Աբխազիայում ու Հարավային Օսիայում»,- հավելել է ՌԴ վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս