Բաժիններ՝

Դատարանը կալանք է դրել վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գույքի վրա

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել կալանք դնել վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի ամբողջ գույքի վրա: Այս մասին երեկ հայտնել է հեռուստաընկերության կայքը, հաղորդում է «Sputnik Գրուզիան»:

Հեռուստաընկերության նախկին սեփականատերը՝ գործարար Կիբար Խալվաշին, նախօրեին հայց էր ներկայացրել Թբիլիսիի քաղաքային դատարան: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վրաստանի արդարադատության նախարարության հարկադիր կատարման ազգային բյուրոն կալանք է դրել հեռուստաընկերության գույքի մի մասի վրա:

«Քաղաքային դատարանի օգոստոսի 5-ի որոշմամբ՝ «Ռուսթավի-2»-ի ամբողջ գույքի վրա կալանք է դրվել: Կալանքը դրվել է հեռուստաընկերության սեփականատերերի մասնաբաժինների վրա: Սեփականատերերին արգելվում է պարտավորություն վերցնել հեռուստաընկերության անունից»,- նշված է հեռուստաընկերության հայտարարության մեջ:
Կալանք է դրվել «Ռուսթավի-2»-ի մեքենաների, տեխնիկական սարքավորումների, տարածքի վրա, որտեղ գտնվում է հեռուստաընկերությունը: Կալանք չի դրվել հեռուստաընկերության լոգոտիպի ու բանկային հաշիվների վրա:

Հեռուստաընկերությունը պատրաստվում է 5 օրում բողոքարկել դատարանի վճիռը:

2005 թվականին Խալվաշիին է պատկանել «Ռուսթավի-2»-ի 100% մասնաբաժինը: Հեռուստաընկերության բաժնետոմսերը բազմիցս փոխել են իրենց տերերին: Ներկայում «Ռուսթավի-2»-ում մասնաբաժիններ ունեն Լևան Կարամանաշվիլին (22%), Գեորգի Կարամանաշվիլին (18%), «Վրաստան» հեռուստաընկերությունը (51%) ու Նինո Նիժարաձն (9%):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս