Ո՞վ է էքստրասենսի սպանության մեջ կասկածվող դերասանը. Գավառական Դոն-Ժուան՝ քրեական ճակատագրով. news.am
«Վեցերորդ զգայարան» հաղորդումից հայտնի հիրոմանտ Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող Մուշեղ Մխիթարյանը «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Թատերական գործիչների միության քարտուղար Լեւոն Մութաֆյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ դա թափառաշրջիկ խումբ է, գրեթե պրոֆեսիոնալներ չկան, Մուշեղն էլ ավարտել էր Նիկոլ Գալանտերյանի անվան «բլեֆային» համալսարանը եւ այդտեղ մի կարճ շրջան աշխատել որպես դասախոս:
Նա նշեց, որ հիմնականում երիտասարդներից բաղկացած խումբը հավաքվում էր, գնում գյուղերում ներկայացումներ խաղում, մշտական հասցե չուներ, մի ժամանակ Ծերեթելի փողոցի վրա գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետի հարեւանությամբ «Պիոներ պալատում» էին նստում, վերջերս էլ՝ Դոսաաֆի շենքում:
«Չեմ հիշում ինչ թատերական փառատոն էր, մոտեցավ, հրավիրեց իրենց ներկայացմանը, ասացի՝ որն է ձեր թատրոնը, ասաց՝ «Յանուս», փռթկացի, հետո մի երկու անգամ զանգել էր ինձ, թե հանդիպենք, թատրոնի հետ կապված բան ունեմ խոսելու, մերժել եմ, ժամանակի սղության պատճառով, ոչ թե ինչ-որ արհամարհանքի: Չթաքցնեմ, այնքան էլ լուրջ չեմ վերաբերում նման ինքնակոչ թատերախմբերի, որոնց գլխավոր խնդիրը օրվա հաց վաստակելն է: Մի 2-3 ամիս առաջ զանգեց, թե պարոն Մութաֆյան, պիես եմ գրել, ուզում եմ ձեր կարծիքն իմանալ, գնացի Դոսաաֆի շենք, կարդաց, ինչ-որ աստվածաշնչյան բաներ էին, ահավոր հավատացյալ է, դա է ինձ զարմացրել: Վերջերս կարդացի, որ կայքն են կոտրել, գրել են, որ մահացել է, ես էլ գրեցի ծիծաղելով, թե PR ես անում էժանագին, երեկ էլ կարդացի, որ սպառնացել են վնասել ռեժիսորի երեխային եւ ընկերուհուն, լուրջ չընդունեցի: Չեմ հավատում, որ նա կարող էր նման դաժան կերպով մարդ սպանել, դեմքին էլ որ նայում ես, մանկականություն կար: Վատառողջ երիտասարդ էր, մի երիկամը հանված, բավական ծանր պայմաններում ապրող, գիտեմ, որ Էրեբունի զանգվածի հանրակացարանում էր ապրում:
Կին ուներ, փոքր երեխա, աներձագն էլ զինվորական էր այնտեղ, որտեղ իմ որդին էր ծառայում, կանգնած էի ես մետրոյում, այդ տղան մոտեցավ, բարեւեց, ասաց, որ տղայիս հրամանատարն է, Մխոյի աներձագն է: Բաժանված էր, Կոմիտասում էլ ինչ-որ սիրուհի ուներ՝ տարիքով կին, ինձ ասաց, որ Դոսաաֆում տարածքի փողը՝ 40 հազար դրամ, չի կարողանում տալ, պետք է տեղափոխվի նրա մոտ,մի խոսքով՝ գավառական Դոն-Ժուան՝ քրեական ճակատագրով»,-պատմեց Լեւոն Մութաֆյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: