
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպան Հորբախին պաշտոնավարման ընթացքում հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրված ջանքերի և կատարած աշխատանքի համար: Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ակտիվացնել քաղաքական, առևտրատնտեսական հարաբերությունները և համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Դեսպան Հորբախը շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում պաշտոնավարելը: Ընդգծելով, որ Նիդերլանդների Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը, Հանս Հորբախը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև կապերը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ակտիվացման, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման շուրջ: