Հայտնի է դարձել Բեն Լադենի ընտանիքին պատկանող ինքնաթիռի վթարի պատճառը
Ինչպես ցույց է տվել Ուսամա բեն Լադենի ընտանիքին պատկանող մասնավոր ինքնաթիռի աղետի մասին նախնական հաշվետվությունը, անվտանգության բորտային համակարգը 6 նախազգուշացնող ազդանշան է տվել ինքնաթիռի կործանումից առաջ:
Բացի այդ՝ պարզվել է, որ բիզնես-ջեթի ճանապարհին՝ թռիչքուղու մոտ, հայտնվել է թեթև շարժիչանի ինքնաթիռ, ու հորդանանցի օդաչուն ստիպված է եղել մանևրել՝ բախումից խուսափելու համար, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ մասնավոր «Ֆենոմ-300» ինքնաթիռը, որը թռչում էր Միլանից, կործանվել էր Անգլիայի Հեմփշիր ու Սուրեյ կոմսությունների մոտ գտնվող «Բլեքբուշ» (Blackbushe) օդանավակայանում վայրէջք կատարելիս: Զոհվել էր օդաչուն, ինչպես նաև ինքնաթիռում գտնվող բոլոր երեք ուղևորները՝ Ուսամա բեն Լադենի քույրը հորական գծով, նրա մայրը՝ Ռաջա Բաշիր Հաշիմն ու զարմիկը՝ Զուհեր Հաշիմը:
Ինչպես պատմել են ականատեսները, ինքնաթիռը պայթել է՝ հարվածելով տաղավարին, որտեղ անցկացվում էր մեքենաների աճուրդ: Երջանիկ պատահականությամբ այլ զոհեր չէին գրանցվել:
Ավիացիոն պատահարների հետաքննության բրիտանական բաժնի զեկույցում ասվում է, որ Սաուդյան Արաբիայում գրանցված ինքնաթիռը, մինչ վայրէջքն առաջ է անցել իր առջև հայտնված ինքնաթիռից, ինչի համար հարկավոր է եղել մի փոքր բարձրություն հավաքել:
Ավիացիոն փորձագետ Քևին Բիրնի խոսքվ՝ դրանից հետո ինքնաթիռը սկսել է վայրէջք կատարել չափազանց բարձր արագությամբ, որը հասել է րոպեում 3000 ֆուտի (ավելի քան 15 մ/վ):
«Նա շարժվում էր շատ արագ ու թռիչքուղուն դիպչեց շատ ուշ, ու դժբախտաբար, նա չուներ ո´չ ժամանակ, ո´չ տարածություն՝ ժամանակին կանգ առնելու համար»,- ասում է ավիացիոն փորձագետը:
Ինքնաթիռը գրանցված է եղել Salem Aviation ընկերությունում, որը պատկանում է Լադեն ընտանիքին ու կոչվում էր Սալեմի՝ թիվ մեկ ահաբեկչի եղբոր անունով:
Դեպքի հետաքննությունը շարունակվում է: