«Ես կապացուցեմ, ինքը ոչ մի հոգեկան խնդիր էլ չունի». Սուրիկ Խաչատրյանը՝ որդու մասին
«Քննությունը գնում է, ես կապացուցեմ: Ինքը ոչ մի հոգեկան խնդիր էլ չունի»,- այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ խոսելով որդու՝ Տիգրան Խաչատրյանի ձերբակալության և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը մեղադրանք էր առաջադրել մարզպետի որդուն` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Տ.Խաչատրյանը մեղադրվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հարություն Զաքարյանի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ: Տ.Խաչատրյանը տեղափոխվել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի բուժմաս։ Տարածված լուրերի համաձայն՝ նա «չափավոր արտահայտված նևրաստենիա» ախտորոշմամբ ազատվել է ծառայությունից:
Թե ինչո՞ւ է ծառայությունից ազատվել Տ. Խաչատրյանը հարցին՝ Ս.Խաչատրյանը պատասխանեց, որ տարկետման իրավունքը հիմնականում ստացել է, որովհետև բռնվելուց ցնցումների մեջ էր. «Էդ 3 ամիս որ ձերբակալված էր, երևի տեղյակ եք, դրանից հետո էլ դատաքննությունը գնում էր, իրան չէին կարա ձևակերպեին, բայց կավարտվի դատաքննությունը, էս քննությունն էլ կգնա, ընթացքի մասին բոլորին տեղյակ կլինի»:
Սյունիքի մարզպետը հայտարարեց, թե չի կարողանում հասկանալ՝ ինչու 2 ամիս անց ձերբակալեցին իր որդուն. «Ձերբակալությունը անօրինական է, ինքը իսկապես տեղյակ չէր դրան: Ամեն դեպքում խնդիր չեմ տեսնում, քննությունը կգնա և լուծում կստացվի»:
Դիտարկմանը, որ այս անգամ իրավապահները իր թիկունքին չկանգնեցին, Ս.Խաչատրյանը հակադարձեց, թե իրավապահները միշտ իրենց գործն են անում և թիկունքին կանգնելու խնդիր չկա: Նա նշեց, որ կառավարություն էր եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ մարզում տեղի ուենցած հրդեհների և վնասների մասին խոսելու համար:
Հարցին, արդյոք չի՞ պատրաստվում հրաժարական տալ, Ս.Խաչատրյանը պատասխանեց. «Հրաժարական, չեմ կարծում, երեխեք, չեմ ուրախացնի ձեզ»: