Բաժիններ՝

Կառավարությունը կբաշխի չօգտագործված միջոցները

ՀՀ Շիրակի մարզում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված են բազմազավակ (9 և ավելի երեխաներ ունեցող), բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող 8 ընտանիք և նշված ընտանիքների սոցիալական կարիքների գնահատման արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչներ Արտյոմ Գևորգյանի (15 անձ), Արևհատ Ալեքսանյանի (14 անձ), Հասմիկ Մովսիսյանի (12 անձ), Հովհաննես Դիլանյանի (15 անձ), Լիլիթ Խաչատրյանի (13 անձ), Աննա Պետրոսյանի (13 անձ) և մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ Սամվել Թումոյանի (15 անձ) ու Սարակապ գյուղի բնակիչ Հովհաննես Խաչատրյանի (12 անձ) բազմազավակ ընտանիքները գտնվում են սոցիալապես ծանր վիճակում և ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք:

Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունն այս տարվա համար Շիրակի մարզպետարանին հատկացրել է 1.5 մլրդ դրամ, և որոշման համաձայն՝ տրամադրված վկայագրերի միջոցով բնակարանների ձեռքբերման վերջնաժամկետ է սահմանվել 2015 թվականի հուլիսի 30-ը: Հատկացված գումարի շրջանակներում վկայագրեր են տրամադրվել 223 ընտանիքի, որոնցից սահմանված ժամկետում բնակարան է ձեռք բերել 207-ը, և կնքված առուվաճառքի պայմանագրերի հիման վրա վճարվել է 1 մլրդ 353.7 մլն դրամ:

Արդյունքում՝ 146.3 մլն դրամի չափով գումար չի օգտագործվել:

ՀՀ կառավարությունը վաղվա նիստում նախատեսում է այդ չօգտագործված միջոցներից 60 մլն 844.5 հազար դրամն ուղղել Շիրակում բնակվող անապահով բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ այդ ընտանիքներին բնակարանի գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս