 
                        PKK-ի անդամները անցած գիշեր Թուրքիայում իրականացրել են 5 զինված հարձակում
 
                                    Անցած գիշեր «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները Թուրքիայի տարբեր մարզերում իրականացրել են 5 զինված հարձակում:
Ինչպես հայտնում է APA-ն, զինյալները Բինգյոլ նահանգում պայթեցրել են ճանապարհին տեղադրված ականները, երբ այդտեղով մեքենաների շարասյուն է անցել: Դեպքի հետևանքով զոհեր ու տուժածներ չկան: Վնասվել է զրահապատ ավտոմեքենաներից մեկը:
Դիարբեքիրի Սիլվան ջրամբարի ուղղությամբ, որը դեռ նոր է կառուցվում, հրթիռ է արձակվել, դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Անվտանգության ուժերը պատասխան հարված են հասցրել, սկսվել է հրաձգություն: 15 րոպե անց զինյալները հեռացել են դեպքի վայրից:
Հրթիռային հարձակման է ենթարկվել նաև Գուլպի ոստիկանական վարչությունը: PKK-ի զինյալների դեմ պատասխան կրակ է բացվել: Տեղեկություններ չկան զոհերի մասին:
Մարդին նահանգում էլ քուրդ զինյալները կանգնեցրել են 1 մեքենա, որը տեղափոխել է վառելիք, 1 բեռնատար, դուրս են բերել վարորդներին ու այրել մեքենաները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        