Ռուսաստանը կարող է երես թեքել Ասադից. Էրդողան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մոտ ապագայում հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու մտքից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղի մամուլին տված հարցազրույցում:
«Ներկայում Պուտինի վերաբերմունքը Սիրիայի նկատմամբ ավելի հուսադրող է, քան նախկինում»,- հայտարարել է Էրդողանը Daily Sabah-ի հետ զրույցում՝ վերադառնալով իր ասիական շրջագայությունից:
Էրդողանի խոսքով՝ ինքը նման տպավորություն ստացել է Բաքվում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից ու դրան հաջորդող հեռախոսազրույցից հետո:
«Նա այլևս չի կարծում, թե Ռուսաստանը պետք է աջակցի Ասադին մինչև վերջ: Ես կարծում եմ՝ նա կարող է երես թեքել Ասադից»,- ասել է Էրդողանը: