Բաժիններ՝

Բելգիայի արքայազնը զրկվել է գահից՝ ամուսնանալով առանց արքայի համաձայնության

Բելգիայի արքայազն Ամեդեոն զրկվել է գահը ժառանգելու իրավունքից այն բանի պատճառով, որ ամուսնացել է՝ այդ մասին չտեղեկացնելով Ֆիլիպ թագավորին:

Արքայազնը ամուսնացել էր դեռ անցած տարի, սակայն մոռացել էր ստանալ միապետի համաձայնությունը: Ամեդեոն Ֆիլիպի զարմիկն է, ներկայիս թագավորի քրոջ՝ արքայադուստր Աստրիդի ավագ որդին:

Բելգիայի օրենքներով՝ թագավորական ընտանիքի յուրաքանչյուր անդամ, ով հավակնում է գահին, պետք է ստանա թագավորի համաձայնությունը, որպեսզի ամուսնանա:
Ամեդեոն 6-րդն էր գահաժառանգման ցանկում իր մորից ու Ֆիլիպի 4 երեխաներից հետո: Նրա կինը իտալուհի Էլիզաբետտա Մարիա Ռոսբոխ դեն Վոլկենշտայնն է:

29-ամյա Ամեդեոն ու 29-ամյա Էլիզաբետտան ամուսնացել էին Հռոմում 2014թ. հուլիսի 3-ին: Արարողությանը ներկա էր եղել նաև Ֆիլիպ թագավորը:

Ամեդեոյին գահաժառանգումից զրկելու մասին տեղեկությունը միայն օրերս է պաշտոնապես հաստատվել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, արքայազնը որոշել է իր կյանքը չկապել հրապարակային միջոցառումների ու թագավորական պարտավորությունների հետ՝ ցանկանալով խուսափել իր ընտանիքի նկատմամբ ավելորդ ուշադրությունից:

Մինչ ամուսնությունը զույգը հանդիպում էր 7 տարի: Ներկայում նրանք բնակվում են Նյու Յորքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս