
Օբաման պաշտպանում է «Մաքուր էներգիայի» իր պլանը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է հանդես գալ նոր առաջարկով, որը վերաբերելու է ԱՄՆ-ում ջերմոցային գազերի արտանետումների արմատական կրճատմանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մաքուր էներգիա» պլանը նպատակ ունի կրճատել ամերիկյան էլեկտրակայանների ջերմոցային գազերի արտանետումները 15 տարում գրեթե մեկ երրորդով:
Նոր առաջարկներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը, հիմնականում՝ արևային ու քամու: Այս նախաձեռնության հակառակորդները մեղադրում են Օբամային նրանում, որ նա փաստացի պատերազմ է հայտարարել ածխային արդյունաբերությանը: Ածուխը մինչ օրս ապահովում է ԱՄՆ-ի էներգետիկ կարիքների մինչև մեկ երրորդը:
Օբամայի առաջարկի համաձայն՝ յուրաքանչյուր ամերիկյան նահանգ կստանա պլանավորվելիք ջերմոցային արտանետումների իր քվոտան ու պարտավոր կլինի Շրջակա միջավայրի դաշնային գործակալությանը ներկայացնել այդ նորմատիվների իրականացման իր առաջարկները:
Սակայն արդեն հիմա մի քանի նահանգապետ հայտարարել է, որ մտադիր է անտեսել նախագահական ադմինիստրացիայի պլանները:
Սպիտակ տան տեսաուղերձում Օբաման ասում է, որ նոր միջոցառումները հիմնված են տվյալների վրա, որոնք ստացվել են մի քանի տասնամյակում: Դրանք վկայում են այն մասին, որ աշխարհը կանգնած է կլիմայի փոփոխության վտանգի առաջ:
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը արդեն հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում կաջակցի այդ պլանին: