Մեկնարկում են համահայկական 6-րդ Ամառային խաղերը
Օգոստոսի 2-ին Երևանում մեկնարկում է Համահայկական ամառային վեցերորդ Խաղերը: Օգոստոսի 2-13-ն անցկացվելիք Խաղերը բացառիկ են իրենց աշխարհագրությամբ, մասնակիցների թվով, ընդգրկված մարզաձևերի քանակով: Համահայկական 6-րդ Ամառային խաղերին մասնակցելու են մարզիկներ աշխարհի 36 երկրից և 165 քաղաքից: Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցելու է 6215 մարզիկ: Դա աննախադեպ թիվ է: Սպասվում են հազարավոր հյուրեր, որ կժամանեն մարզիկների հետ, պատվիրակությունների կազմում, կժամանեն որպես երկրպագուներ:
6-րդ խաղերում ընդգրկված է աննախադեպ քանակի մարզաձև՝ 17 անհատական և խաղային մարզաձև: Խաղերը տեղի կունենան ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում, Աբովյանում, Վանաձորում և Ստեփանակերտում: Խաղերի մասնակիցների բոլոր ծախսերը հոգում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն: Կոմիտեի ղեկավարները հայտարարել են, որ այդ ծախսը հոգում են հովանավորների միջոցներով:
Համահայկական խաղերի բացումը տեղի կունենա օգոստոսի 2-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղերի կազմկոմիտեն մինչ այդ հայտարարություն է տարածել, որ հրավիրվածների, Հայաստան ժամանած հյուրերի աննախադեպ մեծ քանակի պատճառով բացման արարողությունը կլինի հրավիրատոմսերով, տոսեր չեն վաճառվել: Միաժամանակ բացման արարողությունը հեռարձակելու են բոլոր հեռուստաընկերություններն ուղիղ եթերում, ինչպես նաև Երևանում մի քանի տեղում տեղակայված մեծ էկրանները:
Համահայկական խաղերն անցկացվում են 1999 թվականից: Առաջին երեք խաղերն անց են կացվել երկու տարին մեկ պարբերականությամբ: Դրանից հետո որոշվել է, որ խաղերը անցկացվեն չորս տարին մեկ պարբերականությամբ: Մինչ 2014 թվականի Համահայկական խաղերը եղել են միայն Ամառային: 2014 թվականին առաջին անգամ անցկացվեցին Ձմեռային համահայկական խաղեր:
6-րդ Ամառային համահայկական խաղերը ներառված են Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումների ցանկում: Համահայկական խաղերի ջահը վառվել է Շուշիում և այնուհետեվ անցել Հայաստանի ու Սփյուռքի մի շարք քաղաքներով: