
Չեմ ցանկանում բեռ լինել «Բավարիայի» համար. Գվարդիոլա

«Բավարիայի» մարզիչ Պեպ Գվարդիոլան չի շտապում պայմանագիրը երկարաձգել, որի ժամկետն ավարտվում է հաջորդ տարի, սակայն այլ ակումբների հետ բանակցություններ չի վարում: Պեպ Գվարդիոլան հույս ունի, որ «Բավարիայի» հետ նոր պայմանագրի հարցով բանակցություններում չշտապելու իր որոշումը չի խաթարի մթնոլորտը թիմում:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Պեպն արդեն տվել է իր համաձայնությունը` հաջորդ մրցաշրջանում գլխավորելու «Մանչեսթեր Սիթին»:
«Ես «Բավարիայի» մարզիչն եմ և ուրախ եմ, որ այստեղ եմ,- ասել է Գվարդիոլան մամլո ասուլիսում: -Ես դեռ չեմ որոշել իմ ապագան: Հենց որոշեմ՝ կգնամ Ռումենիգեի, Զամմերի և Հենեսի մոտ: Մենք դեռ շատ ժամանակ ունենք: Բայց եթե ես ցանկանամ երկարաձգել պայմանագիրը, պետք է միանգամայն վստահ լինեմ, որ դա լավագույն որոշումն է ակումբի համար: Ես չեմ ուզում «Բավարիայի» համար բեռ լինել:
Ես արել եմ, անում եմ և կանեմ այն ամենը, ինչ կախված է ինձանից, որպեսզի թիմը զարգանա: Ո՛չ, ես ոչ մի առաջարկություն այլ ակումբից չեմ ստացել»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը