Թեյն ու սուրճը, թեև շատ օգտակար են, բայց ջրազրկում են մարդուն. սննդաբանը խորհուրդ է տալիս ամռանը գրագետ ու առողջ սնվել

Սննդաբան Հասմիկ Աբովյանն այսօրվա ասուլիսին ասաց՝ ամառվա շրջանը տարբերվում է նրանով, որ շատ ուժեղ է ուլտրամանուշակագույն ճառագայթումը, ինչը հզոր բացասական ֆակտոր է: Նա կատերգորիկ արգելեց արևի տակ մնալն ու արևայրուք ընդունելը, քանի որ այդ ժամանակ օրգանիզմում առաջանում են բազմաթիվ ազատ ռադիկոլներ, որոնք չափազանց կործանարար ազդեցություն ունեն օրգանիզմի վրա. «Կործանարար ազդեցություններից մեկը օնկոգեն ազդեցությունն է, այսինքն՝ ուռուցքներ, չարորակ ուռուցքներ առաջացնելու հատկություն: Դժվար է խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, հետևաբար` պետք է այնպիսի սնունդ ընդունել, որը կլինի հակաօքսիդանտ, ազատ ռադիկալները չեզոքացնող: Ընդունեք պտուղներ, մրգեր, բանջարեղեն: Բնական, բուսական կերակուրն առաջին հերթին հանդիսանում է հակաօքսիդանտ»:

Միաժամանակ սննդաբանը զգուշացրեց, որ տարվա բոլոր եղանակների նման՝ ամռանը ևս պետք է խուսափել հյութերից. «Պետք է ուտել միրգ, պտուղ, բայց ոչ մի դեպքում՝ նրանցից առանձնացված հյութը: Մրգի բջջանքը թույլ չի տալիս, որպեսզի դրանց մեջ առկա շաքարները շատ արագ բարձրացնեն մեր արյան շաքարը, ինչը հետագայում կարող է առաջացնել ավել քաշի և շաքարային դիաբետի վտանգ: Իսկ հյութերի դեպքում՝ այդ բջջանյութը կորչում է: Հյութերը ոչ մի առավելություն չունեն այն մրգերի նկատմամբ, որոնցից պատրաստվել են: Շատերին թվում է, որ երբ հյութ են խմում, ստանում են մեծ քանակությամբ վիտամիններ, բայց հյութը թերի է՝ մրգի հետ համեմատած: Եթե մարդը չի ստանում բավարար քանակությամբ բջջանք, նա չի կարող առողջ մնալ, քանի որ դա համար մեկ մթերքն է օրգանիզմի համար»:

Սննդաբանի հաջորդ զգուշացումը կապված էր օրգանիզմի ջրազրկումը թույլ չտալու հետ. «Ամռան շրջանում ջրազրկվում է օրգանիզմը, ինչը տարվա ցուրտ եղենակներին շատ ավելի քիչ է: Ամռանը մարդը չափազանց շատ հեղուկ է կորցնում, անգամ, չնկատելով դա: Անպայման պետք է ուշադրություն դարձնել այդ ջրի պակասը լրացնելուն: Շատ ու շատ մարդիկ ապրում են գրեթե առանց ջուր խմելու. խմում են թեյ, սուրճ, կոմպոտներ, հյութեր և ասում, որ շատ հեղուկ են ընդունում, բայց իրականում թվարկածներից ոչ մեկը չի կարող փոխարինել մաքուր ջրին:

Ամռան ամիսներին միջին քաշ ունեցող մարդը պետք է խմի օրական մոտ 3 լիտր սովորական ջուր: Ավելին, այս բոլոր ըմպելիքները, հատկապես՝ թեյն ու սուրճը, թեև շատ օգտակար են, բայց ջրազրկում են մարդուն: Մեկ բաժակ սուրճը և մեկ բաժակ թեյը օրգանիզմից հեռացնում են 2 բաժակ ջուր, հետևաբար սուրճի կամ թեյի ամեն բաժակից հետո պետք է անպայման 2 բաժակ ջուր խմել, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի: Ջրազրկումը չափազանց վտանգավոր է փոքրիկ երեխաների համար:

Մեր ազգի մոտ ընդունված է մի բան. երբ երեխան շատ ջուր է խմում, ծնողը սկսում է արգելել, ինչն ամենամեծ ողբերգական սխալն է: Երեխան շատ ճիշտ օրգանիզմ ունի, նա լսում է իր օրգանիզմին և լավ կլինի, որ ծնողն էլ լսի երեխայի օրգանիզմին: Երեխան շատ ջուր է խմում, որովհետև նա ավելի շարժուն է, քան մենք»:

Տեսանյութեր

Լրահոս