Արցախում բենզինի և դիզվառելիքի գներն կնվազեն
Համաշխարհային շուկայում նավթի գնի անկումը հանգեցնում է դոլարի նկատմամբ դրամի որոշակի արժեզրկման, և եթե առաջինը նպաստում է վառելիքի գնի իջեցմանը, ապա երկրորդը նպաստում է այդ գնի բարձրացմանը:
Այդ իսկ պատճառով նավթի գնի անկումը լրիվությամբ չի արտահայտվում վառելիքի՝ Երևանում և Արցախում գործող իրացման գների վրա: Այդ մասին նշել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սրեգեյ Գրիգորյանը՝ ի պատասխան «Արցախպրես»-ի այն հարցադրմանը, թե արդյոք նավթի համաշխարհային գների անկմանը զուգահեռ, դիզվառելիքի և բենզինի գները չեն նվազի նաև արցախյան շուկայում:
Ոլորտի պատասխանատուի պարզաբանմամբ, համաշխարհային շուկայում նավթի գների փոփոխությունները որոշակի ժամանակ են պահանջում՝ Երևանում և Արցախում վառելիքի գների վրա ազդելու համար, ինչը պայմանավորված է առկա պաշարների սպառման հետ: Նախորդ տարվա երկրորդ կեսին ԼՂՀ-ում բենզինի և դիզվառելիքի գների նվազումը պայմանավորված է եղել համաշխարհային շուկայում նավթի գների 49% աստիճանաբար անկմամբ:
Ս. Գրիգորյանի խոսքով՝ մասնավորապես 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, «Պրեմիում» տեսակի բենզինի համար գնանկումը կազմել է 60 դրամ կամ 11.5%՝ իրացման գինը կազմելով 460 դրամ, իսկ «Ռեգուլյար» տեսակի բենզինի համար՝ 60 դրամ կամ 12%՝ իրացման գինը՝ 440 դրամ: Դիզվառելիքի գնանկումը նույն ժամանակահատվածում կազմել է 60 դրամ կամ 13.6% ՝ իրացման գինը 440 դրամ:
«Անշուշտ մենք կունենայինք վառելիքի ավելի էժան գներ, եթե նախորդ տարվա վերջին եռամսյակում չլիներ դրամի՝ դոլարի նկատմամբ 16.8%-ով արժեզրկումը»,- մանրամասնել է Ս. Գրիգորյանը հավելյալ տեղեկացնելով, որ ընթացիկ տարվա մարտ-ապրիլ ամիսների ընթացքում նավթի համաշխարհային գների 18% աճ է գրանցվել, որը հուլիսի սկզբին հանգեցրել է ՀՀ-ում և ԼՂՀ-ում վառելիքի գների 10 դրամով բարձրացմանը: Ներկայումս համաշխարհային շուկայում նավթի գների անկում է դիտվում, նման պայմանների պահպանման դեպքում վառելիքի գները հայկական երկու հանրապետություններում նորից կնվազեն: