Վենետիկի հանձնաժողովի կողմից դրական արձագանքեր կան սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ. Գագիկ Ղազինյան. Tert.am
Tert.am-ը գրում է. Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը սահմանադրական բարեփոխումների 1-7 գլուխների մասին Վենետիկի հանձնաժողովի առաջարկների վերաբերյալ այս պահին կոնկրետ դիրքորոշում չի շտապում հայտնել, որովհետև ըստ նրա՝ մասնագիտական հանձնաժողովը մյուս առաջարկների հետ մեկտեղ քննարկում է նաև այդ առաջարկները:
«Ես չեմ ուզում անհատական տեսակետ հայտնել, քննարկվում են բոլոր առաջարկները, այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովի: Եթե հետևել եք, նույն հանձնաժողովի կողմից դրական արձագանքեր են եղել շատ ինստիտուտների վերաբերյալ, կան առաջարկներ, կան մոտեցումներ ու մտահոգություններ տարբեր տեսակի, այնպես որ շատ նորմալ գործընթաց է: Իհարկե, մենք, անպայման, պատասխանելու ենք այդ եզրակացությանը, թեև ոչ հրապարակային, բայց բացատրություններ, հիմնավորումներ կլինեն»,-ասել է նա:
Ի դեպ, նա հայտնել է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններում կային թյուրըմբռնումներ: «Միգուցե թարգմանության հետ կապված է, կամ դրանով է պայմանավորված, կլինեն դրանց բացատրությունները, որովհետև առաջարկություններ են արվել, որոնք արդեն իսկ տեղ են գտել նախագծում: Մենք դա կապում ենք ոչ բովանդակային թարգմանության հետ, որը թյուրիմացության մեջ է գցել Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին:
Այնպես որ, պատասխանը կուղարկվի և մենք ակնկալում ենք և պայմանավորվածություն կա, որ օգոստոսի վերջին հանդիպում կլինի Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ, որի ժամանակ կքննարկվեն այն հարցերը, որոնց վերաբերյալ հանձնաժողովը փորձում է իր դիրքորոշումը պահպանել և կփորձենք հիմնավորել: Դրանք այնպիսի հարցեր են, որոնք նամակներով չենք կարող միմյանց բացատել և այնպես ասած կենդանի քննարկում է անհրաժեշտ»,-ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: