Բաժիններ՝

Զլատան Իբրահիմովիչի անակնկալը, 14 տարեկան նորվեգացին՝ «Լիվերպուլում». տրանսֆերային նորություններ

Օրվա կինոն:

«Ես երբեք Իգուաինի վաճառքի տարբերակը չեմ քննարկել: Ես իզուր չէ, որ նրա պայմանագրում մեծ հրաժարագին եմ մտցրել: Դա կդժվարացնի հնարավոր գնորդների փորձերը: Ես կարծում եմ, որ Գոնսալոն հարգանքով է վերաբերվում «Նապոլիում» իր պարտականություններին և կվերադառնա աշխատանքին»,- քաղցր ջուր է լցրել ակումբի գլխավոր ակտիվի վրա Աուրելիո Դե Լաուրենտիսը` մոռանալով իր նախորդ հարցազրույցը:

«Նեապոլիի» «արքան» Իգուաինի նկատմամբ հետաքրքրության ալիքի վրա ասել էր. «Ես կուզենայի, որ Գոնսալոն հեռանար: Ես 90 մլն եվրոյով 8 ուրիշ ֆուտբոլիստ կգնեմ»:

Օրվա անակնկալը:

Զլատան Իբրահիմովիչն ասել է, որ մենք բոլորս կզարմանանք, երբ իմանանք, թե որն է իր հաջորդ ակումբը:

Բոլորը հասկանում են, որ համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ էգոն դժվար 25 գնդակից ավելի խփի, հոկտեմբերին լրանում է նրա 34-ամյակը, և անցյալ տարի նրան տանջում էին վնասվածքները: Մեծ գայթակղություն կա՝ նրան հարմարեցնել «Մանչեսթեր Յունայթեդին»: Չէ՞ որ Վան Գալը գնում է բոլորին, ում հնարավոր է: Մի այլ հարց: Ինչպե՞ս է իր ամբողջ ղեկավարման ընթացքում նախագահ-կաչաղակ Ֆլորենտինո Պերեսն անցել այնպիսի ադամանդի կողքով, ինչպիսին Զլատանն է:

Օրվա Անխելը:

Երկու զանգ Անխել Դի Մարիայի մասին: Դոբիի դեմքով արգենտինացին կարծես թե մեկ գուլպայով արդեն Փարիզում է: Սկզբում Լորան Բլանն իր ելույթում ասել էր, որ ֆուտբոլիստի հետ կապված գործարքը մոտենում է ավարտին: Իսկ հետո ինսայդեր Գիլյեմ Բալագեն հաղորդել էր, որ Անխելը չորեքշաբթի արդեն պայմանագիր է ստորագրել: Պաշտոնական դեռ ոչինչ չկա, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» Դի Մարիային արդեն հրաժեշտ են տվել:

Օրվա վատնողը:

«Չելսին» չի թուլացնում պայքարը և շարունակում է խեղդել «Էվերթոնի» մենեջերներին: Անգլիայի չեմպիոնների նպատակը երիտասարդ պաշտպան Ջոն Սթոունզն է: Տղան ընդամենը 21 տարեկան է, բայց նրան` «Անժիի» համառությամբ «տապալում են» փողերով: Չորեքշաբթի «Էվերթոնը» մերժեց 36 մլն եվրո առաջարկը, իսկ հինգշաբթի հայտնի դարձավ, որ «Չելսին» 42 մլն եվրո է պատրաստվում առաջարկել: Աշխարհը խելագարվել է:

Օրվա մանկապարտեզը:

Նրանք կարո՞ղ են ավելի փոքր լինել: «Լիվերպուլը»՝ ոգևորված Մադրիդի օրինակով, մտել է նորվեգական մանկապարտեզները: Էդվարդ Սանդվիկ Տագսետը դեռ չի սափրվում, բայց արդեն «սկաուզերների» ցուցակում է: Լրացել է տղայի 14-ամյակը, և «Լիվերպուլը» նրան հենց այսօր էլ կտաներ, բայց ծնողների գրավոր թույլտվությունն է հարկավոր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս