Աուդիտի առջև դրվելիք խնդիրները որոշելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը
ՀԷՑ-ում աուդիտի տեխնիկական առաջադրանքը քննարկման փուլում է գտնվում: Այսօր այս մասին Հանրային խորհրդում կազմակերպված Հայաստանի էլեկտրացանցերում աուդիտ անցկացնելու և ընդհանուր էներգետիկ համակարգի խնդիրների քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Ըստ նրա՝ ամբողջ աշխատանքը կկազմակերպվի միջկառավարական հանձնաժողովի հսկողության տակ:
Աուդիտի առջև դրվելիք խնդիրները, Ա.Գալստյանի խոսքով, որոշելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ոչ թե նախարարությունը: Իսկ թե ով է վճարելու աուդիտի համար, ապա խորհրդատվական մասով ՀՀ կառավարությունն է վճարելու:
ՀԽ անդամների դիտարկումներին, որ ՀԷՑ-ում 2013-ից ի վեր հաշվետվություններ չեն հրապարակվել ընկերության կայքում, ՀԾԿՀ ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Ղոսալմյանը հայտարարեց, որ աուդիտ դրված է ՀԷՑ կայքում և այն դրական է եղել:
«Ուրեմն գնված է եղել»,- հայտարարեց ՀԽ Ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը:
Հ. Ղոսալմյանը հակադարձեց, թե այդ աուդիտն այլ խնդիր է ուսումնասիրել, ծախսերի նպատակահարմարության հարց չի որոշվել:
«Բա էլ ինչի՞ է պետք այդ աուդիտը: Պոպոք է, գցել են, ժողովրդի բերանը»,- նկատեցին ՀԽ ներկայացուցիչները:
Ա.Սադոյանը հայտարարեց, որ մենք ֆինանսական աուդիտ չենք պահանջում, այլ արդյունավետության աուդիտ ենք պահաջում: