ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի այն պաշտոնյաների ու պաշտոնատար անձանց ցուցակը, ում վրա տարածվում են պատժամիջոցները:
Ընդլայնված ցուցակում հայտնվել են մարդիկ, ովքեր առնչություն են ունեցել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, ինչպես նաև Ռուսաստանի ու Ղրիմի մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նոր ոլորտային պատժամիջոցների, անձանց ու կազմակերպությունների ցանկը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:
Ցանկում են հայտնվել մասնավորապես Ռոման Ռոտենբերգը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմներից գործարար Բորիս Ռոտենբերգի որդին, Սերգեյ Կուրչենկոն, ով հայտնի էր որպես «Յանուկովիչի ընտանիքի բանկիր», Ուկրաինայի նախկին նախագահի որդին՝ Ալեքսանդր Յանուկովիչը, ինչպես նաև Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Անդրեյ Կլյուևն ու «Կալաշնիկով» կոնցեռնի բարձրաստիճան աշխատակից Անդրեյ Բյուլյուտինը:
Արդյունաբերական ու կոմերցիոն կազմակերպությունների ցանկը ներառում է Իժևսկի մեխանիկական գործարանը, «Իժմաշ» կոնցեռնը, ինչպես նաև Եվպատորիայի, Թեոդոսիայի, Կերչի, Սևաստոպոլի, Յալթայի նավահանգիստները:
Պատժամիջոցների տակ են հայտնվել մի շարք նավթարդյունահանող ու վերամշակող ձեռնարկություններ, այդ թվում՝ «Յուգանսկնեֆտեգազը» ու մի քանի կազմակերպություններ, որ կապված են «Ռոսնևտի» ու «Վնեշէկոնոմբանկի» հետ: