«Այլևս մնալու ենք կառավարության շենքի մոտ, մինչև չվճարեն ամբողջ աշխատավարձը»
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձայն տվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, որպեսզի նա ներկայացնի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը:
«Բոլոր փաստաթղթային աշխատանքների հետ զուգահեռ կատարվում է նաիրիտցիներին աշխատավարձերի վճարման գործընթացը և մոտակա 1-2 օրերի ընթացքում ամբողջությամբ կվճարվեն: Որևէ խանգարող կամ խոչընդոտող հանգամանքներ չկան»,- հայտարարեց Ե.Զախարյանը:
Սակայն այս հայտարարությունը չի գոհացրել նաիրիտցիներին: Նրանք կառավարության շենքի առջև նստացույց են հայտարարել: 168.am-ի հետ զրույցում գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշեց, որ այս պահին կառավարության շենքի առջև մոտ 100 հոգի է, բայց երեկոյան մարդկանց թիվը կավելանա, քանի որ աշխատանքային ժամ է. «Այլևս մնալու ենք կառավարության շենքի մոտ, մինչև չվճարեն ամբողջ աշխատավարձը»:
Նա տեղեկացրեց, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը իրենց ասել է, որ եթե մինչև երկուշաբթի օրը պարտքը չմարվի, ապա հրավիրել է իր մոտ՝ դիմում գրելու: