Քաղաքագետը դրական է գնահատում ՀՀ ղեկավարության որոշումը՝ ավելացնել աջակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին
«Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը կարևոր քայլ է արել ճիշտ ուղղությամբ, որովհետև դա նախ և առաջ կբարձրացնի Հայաստանի մասնակցությունն ընդհանրապես միջազգային հարաբերություններում միջազգային անվտանգության ապահովման գործընթացներին և կբարձրացնի ՀՀ արտաքին քաղաքական դերը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով Հայաստանի մտադրության մասին՝ ավելացնել իր աջակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին:
Ըստ նրա՝ դրա արդյունքում նաև Հայաստանը կլինի ոչ միայն միջազգային անվտանգության սպառող, այլև՝ մատակարար, ինչը շատ կարևոր է, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը պետություն է մի տարածաշրջանում, որն ինքնին խնդիր է միջազգային անվտանգության համար. «Մեր տարածաշրջանի հարակից տարածաշրջանները նույնպես այսօր ամենախնդրահարույց տարածաշրջաններն են: Եվ ՀՀ-ի ներգրավվածության բարձրացումը այդ տարածաշրջաններում անվտանգության ապահովման գործում, կարծում եմ, շատ կարևոր է: Նաև կարևոր է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները, որ կմասնակցեն այդ առաքելություններին, դա անփոխարինելի մարտական, շտաբային, կազմակերպական և հրամանատարական փորձ է, որ էապես կբարձրացնի ՀՀ ԶՈՒ մարտունակությունը, պատրաստականությունը, բացի դրանից հայկական ռազմական գիտության և ռազմական արվեստի զարգացմանը կնպաստի հարցի ոչ միայն պրակտիկ, այլև տեսական մասով և կհարստացնի ՀՀ ռազմական պոտենցիալը: Սա շատ և շատ կարևոր է»:
Ռ.Մեհրաբյանի խոսքով՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը էապես կնպաստի, որ զարգանան ՀՀ միջազգային կապերն անվտանգության ապահովման գործում, ինչից կարող է օգտվել հենց ՀՀ-ն. «Այսինքն՝ Հայաստանի անվտանգությունն ինքնքն դառնում է մեր գործընկերների հետ համագործակցության կարևոր թեմաներից և ուղղություններից մեկը: Ես, կարծում եմ, սա միայն շահեկան որոշում է»: