Դոնբասում կործանված Boeing-ի տրիբունալի բանաձևի նախագիծն այսօր քվեարկության կդրվի ՄԱԿ-ի ԱԽ նիստում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր նիստ կանցկացնի Ուկրաինայի Դոնեցկի մարզում մալայզիական Boeing ինքնաթիռի կործանման հարցով միջազգային տրիբունալի ստեղծման համար:
Քվեարկությունը տեղի կունենա Երևանի ժամանակով ժ. 23.00-ին, հայտնում է RIA Novosti-ն:
Սակայն ՄԱԿ-ում ՌԴ հատուկ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը դեռ նախօրեին հայտարարել է, թե բանաձևը չի ընդունվի:
Նախօրեին Նյու Յորք են ժամանել 4 երկրների ԱԳՆ ղեկավարները (Մալայզիայի պատվիրակությունը գլխավորում է տրանսպորտի նախարարը) շարունակելու փաստաթղթի հարցով խորհրդատվությունները:
Բանաձևի փաստաթուղթը ներկայացվել է հուլիսի 14-ին Մալայզիայի պատվիրակության կողմից այն երկրների անունից, որոնք ներառված են ավիաաղետի հետաքննության խմբում (Ավստրալիա, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Բելգիա ու Ուկրաինա):
Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777-ի աղետի հետևանքով 298 մարդ էր զոհվել:
Կիևը մեղադրում է Դոնեցկի ապստամբներին ինքնաթիռի կործանման մեջ: