Բաժիններ՝

Անգլիայի Պրեմիեր լիգայի այլ ակումբ չեմ տեղափոխվի. Ջոն Թերրի

«Չելսիի» ավագ Ջոն Թերրին հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ ակումբից, եթե կորցնի տեղը հիմնական կազմում, բայց ԱՊԼ-ի այլ ակումբ չի տեղափոխվի:

Արիստոկրատների վետերան Ջոն Թերրին խոստանում է մնալ պրոֆեսիոնալ, եթե կորցնի տեղը «Չելսիի» հիմնական կազմում, բայց կարող է հեռանալ ակումբից, եթե դա տեղի ունենա:

Դեկտեմբերին կլրանա Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի 35-ամյակը, և հիմա «Չելսիում» կենտրոնական պաշտպանի 2 դիրքերում խաղալու համար կա 3 ֆուտբոլիստ` Գարի Կեհիլը, Կուրտ Զուման և Ջոն Թերրին: Սրան ավելացրած, Ժոզե Մոուրինիոն հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Էվերթոնի» պաշտպան Ջոն Սթոունզի նկատմամբ:

Պետեր Չեխի օրինակով, ով, լինելով երկրորդ դարպասապահ, նստում էր փոխարինողների նստարանին, Թերրին նույնպես պատրաստ է մնալ «Չելսիի» ռեզերվում, սակայն ոչ շատ երկար:

«Ամեն ամառ ես շատ ծանր աշխատում եմ, որպեսզի լինեմ թիմի հիմնական կազմում»,- հայտարարել է Ջոն Թերրին:

«Բայց ես կհաղթահարեմ, եթե հարկ լինի հեռանալ «Չելսիից»: Անկասկած, մարդիկ, ինչպիսին ես եմ և Սթիվեն Ջերրարդը, դեռևս ցանկանում են խաղալ: Դա մեր բնազդն է: Եթե Դուք խաղում եք ամբողջ կարիերայում, դժվար է կտրուկ դրանից հրաժարվել: Անցյալ տարի Պետեր Չեխը պրոֆեսիոնալ վարքագծի օրինակ ցուցաբերեց, և դրա համար էլ նա հնարավորություն ստացավ շարունակել կարիերան՝ որտեղ ցանկանում է: Ես կարող եմ գնալ Չեխի հետքերով և ամբողջ ուժերով որակյալ օգնություն ցույց տալ: Բայց ես չեմ տեղափոխվի Անգլիայի Պրեմիեր լիգայի այլ ակումբ, եթե «Չելսին» որոշի հրաժեշտ տալ ինձ:

Մեր հարաբերություններն ազնիվ են Մոուրինիոյի հետ: Ես չեմ կասկածում, որ նա ինձ վստահում է: Ես հուսով եմ, որ կարող եմ վարձահատույց լինել դրա դիմաց: Նա իմ ֆուտբոլային կարիերայի հայրն է եղել, և ես շատ բանով եմ նրան պարտական: Ես հասկանում եմ, որ մի գեղեցիկ օր իմ կարիերան կավարտվի, դրա համար ես ցանկանում եմ առաջիկա տարիներին տալ ամբողջ ուժերս»,- եզրափակել է ավագը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս