«Եթե տրանսպորտային փոխադրամիջոցի որակական պահանջները բարձրացվեն, բնականաբար, դա կանդրադառնա նաև գնի վրա». Փոխնախարար
Տրանսպորտի ոլորտում անհարկի ստուգումները շատ չեն: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
«Մենք կվերլուծենք ու կներկայացնենք իրավիճակը վարչապետին, կկայացվի որոշում: Մեր ընթացակարգերը շատ թափանցիկ են, ունենք բարձրաստիճան բողոքարկման հնարավորություն, որից ևս օգտվում են: Համակարգը շատ հստակ, թափանցիկ աշխատում է»,- ասաց Ա.Առաքելյանը:
Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ուղևորափոխադրումներով զբաղվող հասարակական տրանսպորտի վիճակը, որ հաճախակի փչանում են, և այլն, փոխնախարարը նշեց, որ պետք է հստակ տարանջատել տրանսպորտի և կապի նախարարության խնդիրները. «Այդ գծերը տրամադրվում են թափանցիկ ընտրակարգով, մրցույթի կամ գործող կարգերը տառացիորեն պահպանվում են: Այսինքն՝ պահանջները, որ ներկայացվում են տրանսպորտային միջոցի նկատմամբ, պահպանվում են»:
Ա.Առաքելյանը նկատեց, որ պազիկներով մարզեր չի գնացել: Ըստ նրա՝ ամեն ինչ ունի իր արժեքը, ավտոբուսների տարիքային սահմանափակում չկա, միկրոավտոբուսների մասով օգտագործման ժամկետը 12 տարի է. «Ցանկացած գործողություն՝ որակի բարձրացման հետ կապված, ունի իր արժեքը: Եթե ցուցանիշներ փոխվեն, որոնք ներկայացվում են փոխադրամիջոցի նկատմամբ, եթե որակական պահանջները բարձրացվեն, բնականաբար, դա կանդրադառնա նաև գնի վրա»: