Բաժիններ՝

Վալդեսը «Սիեթլում» է, Կուարեժման` «Բեշիկթաշում». տրանսֆերային նորություններ

Ռիկարդո Կուարեժման վերադարձել է «Բեշիկթաշ»:

Այդ մասին հաղորդել է ակումբի պաշտոնական թվիթերյան էջը: Երեքշաբթի պորտուգալացին հասել է Ստամբուլ, իսկ չորեքշաբթի մամլո ասուլիս կտա, բուժզննություն կանցնի և կստորագրի համաձայնագիրը: Ռիկարդուն «Բեշիկթաշի» կազմում հանդես է եկել 2010-12թթ., անցկացրել է 46 հանդիպում և խփել է 8 գնդակ:

Վիկտոր Վալդեսը կտեղափոխվի MLS:

Mundo Deportivo-ն գտավ, թե որտեղ տեղավորի Վիկտոր Վալդեսին: Ըստ պարբերականի տեղեկության՝ նախկին կատալոնացին կարող է տեղափոխվել Սիեթլ: Տեղական «Սաունդերսն» ուզում է հրավիրել դարպասապահին` Լուի Վան Գալի հետ Վիկտորի վիճելուց հետո: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վալդեսի պահանջներն աշխատավարձի հարցում կարող են խանգարել նրա` «Վալենսիա» տեղափոխմանը:

Բենջամին Ստամբուլին տեղափոխվեց «ՊՍԺ»:

Ֆրանսիացին կիրակի Նյու Յորքում միացավ թիմին, երկուշաբթի բուժզննության ենթարկվեց, իսկ երեքշաբթի պայմանագիր ստորագրեց մինչև 2020թ.: Տրանսֆերի արժեքը, L’Equipe-ի տվյալներով՝ կազմել է 9 մլն եվրո:

«Ես շատ հպարտ եմ, որ դարձել եմ «ՊՍԺ»-ի մի մասը: Ես չէի մտածում, որ կլքեմ Անգլիան այս տարի, բայց երբ քեզանով հետաքրքրվում է այսպիսի ակումբ, երկար չես մտածում»,- ասել է Բենջամին Ստամբուլին:

Ալեքսանդր Միտրովիչը պայմանագիր ստորագրեց «Նյուքասլի» հետ:

«Անդերլեխտի» նախկին ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր է ստորագրել: Պաշտոնական կայքին տված հարցազրույցում Ալեքսանդրը հայտնել է, որ ցանկանում է դառնալ երկրորդ Շիրերը:

«Ես ագրեսիվ եմ, ուժեղ, ես ռմբարկու եմ: Ես ռեալ 9 համար եմ, և տուգանայինում խաղն իմ տարերքն է»,- ավելացրել է կիսապաշտպանը: Ֆուտբոլիստի համար ակումբը վճարել է 18 մլն եվրո: «Անդերլեխտի» կազմում Միտրովիչը 90 խաղում խփել է 44 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս