Մենք ցանկանում ենք ԼՂ կոնֆլիկտի խաղաղ կարգավորում. դրան այլընտրանք չկա. Տուսկ
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլին, պատասխանելով Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցին, ասել է, թե ԼՂ կոնֆլիկտում գոյություն ունեցող ստատուս-քվոն անընդունելի է իր համար:
Տուսկի խոսքով՝ ինքը այդ մասին ասել է Հայաստանում գտնված ժամանակ:
«Մենք ցանկանում ենք կոնֆլիկտի խաղաղ կարգավորում: Դրան այլընտրանք չկա: Իմ կարծիքով՝ մենք պետք է հեռու մնանք ոչ միայն ռազմական գործողություններից, այլև արմատական տոնայնությունից, թշնամանքի ու ատելության վրա հիմնված հայտարարություններից, քանի որ այդ ամենը չի ծառայում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցի լուծմանը:
Մենք պետք է հեռու մնանք հռետորաբանությունից, քանի որ մեզ կտրականապես հարկավոր չէ կոնֆլիկտ: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները այդպիսի քաղաքականության, գաղափարախոսության ու հարաբերությունների ակնհայտ օրինակ են: ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին»,-ասել է Տուսկը՝ նշելով, որ հարկավոր է ավելի համբերատար լինել խնդրի կարգավորմանը հասնելու համար:
«Մենք պետք է վստահ լինենք նրանում, որ անում ենք հնարավոր ամեն ինչ հարցի խաղաղ լուծման համար»,-հայտարարել է Եվրախորհրդի նախագահը: