Ժերար Դեպարդիեն ու մշակույթի ևս 600 գործիչներ հայտնվել են Կիևի «սև ցուցակում». ԶԼՄ-ներ
Ուկրաինայի մշակույթի նախարարությունը ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի անունը ներառել է իր «սև ցուցակում», որում հայտնված մշակույթի գործիչներին ոչ միայն արգելվում է մուտք գործել Ուկրաինա, այլև նրանց մասնակցությամբ ֆիլմերը ևս կարգելվեն ցուցադրել:
Այս մասին հայտնում է ֆրանսիական Оuest-France պարբերականը՝ նշելով, որ դերասանին Կիևը փաստացի համարում է «սպառնալիք ազգային անվտանգությանը»: Դերասանն Ուկրաինայում փաստացի համարվում է պերսոնա նոն գրատա:
Պարբերականը ենթադրում է, որ Դեպարդիեն «անցանկալի անձանց» ցուցակում է հայտնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների ու Ուկրաինայի հասցեին իր արտահայտությունների պատճառով:
Այսպես, օրինակ՝ 2014 թվականին, ելույթ ունենալով Ռիգայում «Բալթյան մարգարիտ» կինոփառատոնում, դերասանը հայտարարել էր, որ «սիրում է Ռուսաստանն ու Ուկրաինան, որը Ռուսաստանի մաս է կազմում»:
Ինչպես հայտնում է Оuest-France-ը, Դեպարդիեից բացի «սև ցուցակում» հայտնվել են նաև ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը, դերասան Սթիվն Սիգալը, սերբ երաժիշտ ու կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան:
Ըստ պարբերականի՝ ցուցակում, որը պետք է հրապարակվի Ուկրաինայի մշակույթի նախարարության կայքում օգոստոսի 3-ին, ընդգրկված է մշակույթի մոտ 600 գործչի անուն ամբողջ աշխարհից: