Քերին «անհանգստացնող» է որակել Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն ԱՄՆ-ի հասցեին
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի հայտարարությունները ԱՄՆ-ի հասցեին «անհանգստացնող» են, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ ելույթով հանդես գալով՝ Խամենեին ասել է, որ «ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր արևելքում հակադրվում է Իրանի քաղաքականությանը»:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Ալի Խամենեին ասել էր, որ Թեհրանը չի պատրաստվում երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ միջազգային հարցերում, իսկ իրանական ատոմի հարցով բանակցությունները «բացառիկ» էին:
«Ես չգիտեմ, թե այս պահին ինչպես դա բացատրեմ՝ բացի այն, որ ընդունեմ, որ դա նրա քաղաքականությունն է: Սակայն ես գիտեմ, որ հրապարակային հայտարարություններն ու դրանց հետևող իրադարձությունները հաճախ տարբերվում են: Եթե դա նրա քաղաքականությունն է, ապա այն շատ անհանգստացնող է, ու մենք պետք է սպասենք»,-հայտարարել է Քերին:
Քերին ընդգծել է, որ Վաշինգտոնը «չի կատակում, երբ խոսում է ծայրահեղականության, ահաբեկչության ու նրանց դեմ պայքարի կարևորության մասին, ով ապակայունացնում է իրավիճակն այլ երկրներում»: