ԵՄ-ն կարող է 2016թ. Վրաստանի ու Ուկրաինայի համար առանց այցագրի ռեժիմ սահմանել. Տուսկ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի բացառում հնարավորությունը, որ ԵՄ-ն Վրաստանի ու Ուկրաինայի քաղաքացիների համար կարող է 2016 թվականին սահմանել առանց այցագրի ռեժիմ:

«Ամեն ինչ կախված է նրանց ջանքերից ու վճռականությունից: Իհարկե, դա հնարավոր է, սակայն սա պաշտոնական խոստում չէ: Մենք գտնվում ենք գործընթացի կես ճանապարհին: Սակայն առաջընթացը երկու երկրներում՝ Վրաստանում ու Ուկրաինայում, իսկապես խոստումնալից է»,-հայտարարել է Տուսկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հաջորդ գնահատականը Վրաստանի և Ուկրաինայի առանց այցագրի ռեժիմի վերաբերյալ կարող է տրվել նոյեմբերին: «Եթե առաջընթացը լինի նույնքան խոստումնալից, որքան այսօր, կարծում եմ՝ 2016 թվականին դա միանգամայն հնարավոր է»,-ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Ընդ որում՝ նա նշել է, որ «Արևելյան գործընկերությունը» երբեք չի երաշխավորել անդամակցություն ԵՄ-ին, սակայն «Կիևը, Թբիլիսին և Քիշնևն ունեն երազանքի իրավունք, այդ թվում՝ եվրոպական երազանքի»։

«Մեր պարտքը, զգում եմ, որ դա նաև իմ անձնական պատասխանատվությունն է, չտալ դատարկ խոստումներ այն մասին, որ ԵՄ-ին անդամակցությունը հնարավոր է վաղը կամ մյուս օրը»,-հայտարարել է Տուսկը:

Տեսանյութեր

Լրահոս