«Իմ գործունեության ընթացքում ոչ միայն չեն ավելացել դիվանագիտական համարանիշերով ավտոմեքենաները, այլև կրճատվել են». Անդրանիկ Մանուկյան
Հարցազրույց Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ։
– Պարոն Մանուկյան, օրեր առաջ հայաստանյան լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր հրապարակվել, որ Ձեր՝ դեսպան նշանակվելուց ի վեր, դեսպանատունը կեղծ դիվանագիտական համարանիշեր է տրամադրել քրեական հեղինակությունների, ովքեր դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվելով՝ տարբեր ապօրինություններ են թաքցրել, կասկածելի բեռներ են տեղափոխել և գործարքներ ձևակերպել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հրապարակումը:
– Նախ՝ նման հոդվածների հեղինակներին և հովանավորներին խորհուրդ կտամ, որպեսզի նրանք իմանան պաշտոնատար անձի, առավել ևս՝ դեսպանի լիազորությունների շրջանակները, և հետո նման անհեթեթ նյութեր հրամցնեն մեր ժողովրդին: Պետք է նշեմ, որ ՀՀ դեսպանատները նման լիազորություն չունեն, և նման լիազորություն չունի նաև դեսպանը: Երբ դեսպանատունը մեքենա է ձեռք բերում, համապատասխան նոտայով դիմում է տվյալ երկրի, իմ դեպքում՝ Ուկրաինայի ԱԳՆ, որը համապատասխան հանձնարարական է իջեցնում Ուկրաինայի պետավտոտեսչությանը, նրանք գրանցում են ավտոմեքենան և տրամադրում են դիվանագիտական համարանիշ: Սա է գործընթացը:
Այն, որ գրել են, թե Անդրանիկ Մանուկյանը դեսպան նշանակվելուց հետո տարիներ շարունակ դիվանագիտական կեղծ պետհամարանիշեր է տրամադրում քրեական հեղինակություններին, սա լուրջ հաղորդում է հանցագործության մասին, և ես առաջարկում եմ, որպեսզի իրավապահ մարմինները դա ընդունեն հաղորդում հանցագործության մասին, գան և տեղում ուսումնասիրեն՝ արդյոք այդ գրվածը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, և կառաջարկեմ գրողներին՝ դա տպագրող և տարածող լրատվամիջոցներին, կայքերին, իրենց աշխատակիցներին նույնպես ընդգրկեն այդ հանձնաժողովում, որպեսզի իրենք ականատես լինեն այդ ստուգումներին և, եթե ապացուցվի, որ իրոք կատարվել է նման հանցագործություն, որովհետև ես իրոք գտնում եմ, որ դա հանցագործություն է, հայտարարում եմ պաշտոնապես՝ պատրաստ եմ կրել ամենադաժան պատասխանատվությունը և պահանջելու եմ, որ ինձ ենթարկեն պատժի օրենքի խստագույն պահանջով:
Իսկ եթե ապացուցվի, որ դա իրականությանը չի համապատասխանում, ապա ես պահանջում եմ, որ այդ ստոր լուրեր տարածողներն օրենքի շրջանակներում ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: Իհարկե, նման բան չի եղել, Ուկրաինայում ՀՀ դեսպանատունն ունի ընդամենը 12 ավտոմեքենա, որոնք սպասարկում են դեսպանատան աշխատակիցներին, հայ համայնքի ղեկավարին և մեր պատվո հյուպատոսներին: Այլ մեքենաներ մենք չունենք:
Ես կառաջարկեմ նաև, որպեսզի հոդվածագիրներն ու նրանց հովանավորները նշեն այն քրեական հեղինակության անունը, որին դեսպանատունը հատկացրել է կեղծ դիվանագիտական համարանիշ: Նույնիսկ անհարմար եմ զգում խոսել այդ հերյուրանքների՝ ավտոմեքենաների կեղծ համարանիշներ վաճառելու մեղադրանքների մասին, դա, ինչպես ասում են՝ իմ կալիբրի խնդիր չի: Իմ օրոք որևէ ավտոմեքենա որևէ մեկի համար դեսպանատան անունով չի գրանցվել, ավելին՝ նույնիսկ 15-ով կրճատվել է:
– Նշվել էր, որ կեղծ դիվանագիտական համարանիշերի հարցն է քննարկվել Ձեր և Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նատալյա Գալիբարենկոյի հետ հանդիպմանը: Ի՞նչ եք քննարկել նրա հետ:
– Այդ հոդվածում գրված նյութի միակ իրականությունն այն է, որ իսկապես հուլիսի 13-ին իմ խնդրանքով հանդիպել եմ նրան: Ես նոտա եմ հղել Ուկրաինայի ԱԳՆ, որ ցանկանում եմ հանդիպել տիկին Նատալյա Գալիբարենկոյի հետ: Եվ ես ստացել եմ պատասխան, որ հուլիսի 13-ին առավոտյան ժամը 10:00-ին հրավիրվում եմ հանդիպման:
Մեր հանդիպումը տևել է 1 ժամից ավելի, և մենք քննարկել ենք զուտ դիվանագիտական, տնտեսական, քաղաքական հարցեր, երկու երկրների հարաբերությունների հարցեր, ինչպես նաև ես բարձրացրել եմ հայ համայնքի հարցը, որովհետև տիկին Գալիբարենկոն այն ժամանակ այլ կարծիք ուներ ընդհանրապես Հայաստանի, ՀՀ դիրքորոշման մասին և միշտ դեմ էր արտահայտվում մեր ծրագրած միջոցառումներին, հակահայկական տրամադրվածություն ուներ: Մենք նրա հետ զրուցել ենք նաև 2014 թ. ՄԱԿ-ի Վեհաժողովում Հայաստանի քվեարկության հարցի շուրջ, երբ քննարկվում էր Ղրիմի հարցը, թե ինչու ՀՀ-ն կողմ քվեարկեց Ռուսաստանին, ոչ թե Ուկրաինային: Նա հասկացավ, և մենք շատ ջերմ բաժանվեցինք: Սա է եղել: Նույնիսկ աբսուրդ է, թե նման մակարդակի հանդիպման
ժամանակ կարող է քննարկվել ինչ-որ ավտոմեքենայի հարց: Դա նույնիսկ տիկին Գալիբարենկոյի խնդիրը չէ: Խորհուրդ կտամ՝ գոնե գրելուց ճիշտը գրեն, այդ հարցով զբաղվում է արարողակարգի ծառայությունը, դա ԱԳ նախարարի առաջին տեղակալի գործառույթ չէ:
– Ձեր կարծիքով՝ նման մեղադրանքները միջազգային ի՞նչ արձագանք կունենան, մասնավորապես՝ ադրբեջանական և թուրքական կողմից:
– Նախ՝ ինչո՞ւ Ադրբեջանը ետ կանչեց իր դեսպանին Ուկրաինայից: Երբ մենք ծրագրել էինք Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, իհարկե, այդ մասին իմացան նաև նրանք և փորձ էին անում բոլոր միջոցներով խոչընդոտել մեզ: Պետք է նշեմ, որ դեսպանատունն իր բոլոր ծրագրերն իրագործել է հայ համայնքի հետ սերտ համագործակցությամբ: Այսօր Ուկրաինան երևի միակ երկրներից է, որտեղ դեսպանատունն ու համայնքը միատարր են, միասին են գործում, որովհետև և´ պատերազմական, և´ տնտեսական, և´ քաղաքական նման իրավիճակում, եթե չլինես միասնական, ապա շատ դժվար կլինի հայերի համար:
Մենք միասնական ենք, և մեր հաջողության գրավականը եղել է այն, որ միասնաբար կարողացանք իրականացնել բոլոր ծրագրված միջոցառումները: Ադրբեջանական և թուրքական մամուլի հարձակումները դեսպանի և հայ համայնքի դեմ սկսվեց դեռևս մարտ ամսից, երբ մենք Կիևում անցկացրեցինք շատ խոշոր խորհրդաժողով, որին մասնակցում էին ուկրաինացի 32 ակադեմիկոսներ: Ծրագրել էինք, որ խորհրդաժողովը պետք է տևի 2 ժամ, բայց տևեց 6 ժամ և սփռվեց ուրկաինական հեռուստաալիքներով, ուկրաինացի ժողովուրդը լսեց, թե ինչ է խոսում ուկրաինացի ակադեմիկոսը Հայոց ցեղասպանության մասին:
Եվ ես հիացած էի այդ ակադեմիկոսների ելույթներից, որովհետև նրանք ասում էին ճշմարտությունը և ճիշտ ներկայացնում էին, թե ինչպես է թուրքն իրականացրել Ցեղասպանությունը: Այդ օրվանից էլ սկսվեցին թուրքական ու արդբեջանական մամուլի հարձակումները և՛ իմ, և՛ հայ համայնքի դեմ: Իհարկե, երբ ես ընթերցում էի նրանց գրած քարզչական հակահայկական հոդվածները, ես իմ հոգու խորքում հպարտանում էի, որ ադրբեջանցիներ են, գրում են, ուրեմն մենք իրենցից ուժեղ ենք, որ այսպես վառված գրում են:
Նույնիսկ ադրբեջանական հայտնի haqqin.az կայքը գրեց, որ հայկական համայնքն այնքան հզոր է, որ զրոյացրեց ամբողջ ադրբեջանական ու թուրքական համայնքները միասին վերցրած: Ամեն տիպի վարկաբեկիչ հոդվածներ էին գրում մեր դեմ: Երբ ուկրաինացիներն ինձ հարցնում էին, թե ինչո՞ւ են գրում, ես պարզաբանում էի, որ դա բնական է, ադրբեջանցի են, պետք է գրեն, հո լավ բան չե՞ն գրի դեսպանատան գործունեության մասին: Բայց ամենակարևորն այն է, որ մենք արեցինք այն, ինչ ցանկանում էինք, և արեցինք շատ հզոր ձևով, և որևէ մեկը չկարողացավ մեզ խոչընդոտել, չնայած Ադրբեջանն ու Թուրքիան կուրծք էին ծեծում, որ Ղրիմի զավթման հարցում ՀՀ-ն ձեր դեմ է եղել, իսկ մենք կողմ, ինչո՞ւ եք թույլ տալիս… Vesti.az-ը գրել էր՝
«Киев смачно харкнул» в лица Турции и Азербайджана, повернулась лицом к ним, спинох к Азербайджану, в том случае когда армения была против, а Турция и Азербайджан были за Украину»: Նրանք ինչ ուզում՝ գրում էին, ես ուշադրություն չէի դարձնում, բայց մեր լրատվամիջոցների անպատասխանատու հերյուրանքները լուրջ վնաս են հասցնում համայնքի գործունեությանը, որից մշտապես օգտվում է ադրբեջանական կողմը: Նրանք հետևում են, լուրջ հետազոտություն են իրականացնում, թե ինչ են գրում հայկական լրատվամիջոցները: Եվ վաղը սա տարածելու են ամբողջ ուկրաինական մամուլում, ուղարկելու են բոլոր դեսպանատներին ու պետական կառույցներին, նաև հեռուստատեսություններին և, ինչո՞ւ չէ՝ նաև վճարելու են դրա համար:
Ընդհանրապես դեսպանը ներկայացնում է իր երկիրը տվյալ երկրում: Նրանք վիրավորում են ոչ միայն ինձ, այլև մեր երկիրը: Ամենայն պատասխանատվությամբ կրկին հայտարարում եմ՝ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ հարցով, ստուգեն դեսպանատան գործունեությունը, և նման հերյուրանքներն անպատիժ չպետք է մնան: Կա 500-հազարանոց հայ համայնք, կա պատերազմական վիճակում գտնղ Ուկրաինա: Հայ համայնքի հեղինակությունն ամենից բարձրն է: Չէ՞ որ արվել է ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայում հայն իրեն լիարժեք քաղաքացի զգա, ու այս պայմաններում որևէ հայ չի տուժել, նրանից ոչինչ չեն խլել:
Այսօր իսկապես մեր համայնքը հզոր համայնք է: Եթե իմ անձի դեմ ինչ-որ խնդիր կա, երբ ես վերադառնամ Հայաստան՝ կարող են ամեն ինչ գրել, բայց այսօր ես ներկայացնում եմ Հայաստանը, և ամեն ինչ արվում է ՀՀ-ի դեմ և մեր համայնքի դեմ, որն անընդունելի է: Ես միշտ շարժվել եմ այն սկզբունքով, որ հայրենիքիս պատիվը բարձր պահեմ, և մյուսներին էլ դա եմ կոչ արել:
– Այսօր հայ համայնքն ուրիշ ի՞նչ խնդիրներ ունի Ուկրաինայում:
– Բարեբախտաբար, առանձնակի խնդիրներ չկան, այսինքն՝ այն նույն խնդիրներն են, որ ունի ուկրաինացի ժողովուրդը՝ տնտեսական շատ ծանր վիճակ է, ֆինանսական ճգնաժամ, պատերազմ, մարդիկ չեն աշխատում, համենայն դեպս, հայերը քիչ թե շատ կարողանում են գոյատևել, իրենց լավ զգալ, մեկը մյուսին օգնում են: Դոնբասի հետ կապված՝ ինձ մեղադրում էին, թե դեսպանն անգործության է մատնված, բայց Դոնբասի բոլոր հայերին պատերազմական գոտուց հայ համայնքի հետ միասին տեղափոխել ենք անվտանգ վայրեր, շատերը գնացել են ՌԴ, շատերը վերադարձել են Ուկրաինայի կենտրոնական շրջաններ, որտեղ պատերազմ չկա:
Պատերազմական գոտում հայ ընտանիքները կորցրել էին իրենց գրեթե բոլոր փաստաթղթերը, տները պայթեցրել էին, և այլն, և բոլորին դեսպանատունը փաստաթղթավորել ենք մեր միջոցների հաշվին՝ առանց պետական տուրքերի: Եվ այսօր հայը զգում է, որ իր թիկունքում կա պետություն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս դեսպանատան, և դա գիտակցում են այնտեղի հայերը: Իհարկե, տա Աստված, որ Ուկրաինայում պատերազմը շուտ ավարտվի, վիճակը կարգավորվի: Եվ պետք է նշեմ, որ չնայած Ուկրաինայում բնակվող հայերն այլ երկրների հայերի պես մեծ կարողություններ, միջոցներ չունեն, սակայն մեծ հայրենասեր են:
Դա ցույց տվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մեր իրականացրած ֆլեշ-մոբը, որ մարդիկ ծնկում ու մոմ էին վառում՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, ինչը նկարահանում էին թուրքական 8 և ուկրաինական բազմաթիվ հեռուստատեսություններ, Կիևի օպերային թատրոնում կազմակերպեցինք մեծ համերգ, որին մասնակցում էր մեր հայրենակից, Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը և Բարձրագույն Ռադայի ավելի քան 40 պատգամավորներ:
Տեսնելով այս ամենը, հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, խորհրդարանի նիստում առաջին անգամ մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Սա հայ համայնքի միասնական աշխատանքի արդյունքն էր: Եվ այսօր ուկրաինացիներն ասում են, որ չնայած երկու երկրների քաղաքական էլիտաների, իշխանությունների ինչ-ինչ հարցերում տարաձայնություններին, ուկրաինացի ժողովուրդը սիրում է հայ ժողովրդին ու միշտ սատարելու և պաշտպանելու է նրան: Սա մեծ հպարտություն է, հատկապես այն երկրում, որտեղ թուրքերն ու ադրբեջանցիները սերմանել են հակահայկական տրամադրություններ, և մենք կարողացանք 100-րդ տարելիցի այդպիսի միջոցառումներ իրականացնել ու բարձրացնել հայի պատիվը: