Բաժիններ՝

Գլխավոր դատախազին անձեռնմխելիության բարձր մակարդակ օժտելով ՝ նրան դարձնում ենք անկառավարելի. փաստաբան Նորայր Նորիկյան. pastinfo.am

Եթե Գլխավոր դատախազն է այսօր վախենում, ուրեմն շարքային քաղաքացիները կամ մնացած բոլոր սուբյեկտները լուրջ մտորելու տեղիք ունեն, որ մեր երկրում իրավունքի գերակայության հիման վրա խարսխված և ընդհանրապես իրավական պետության մասին խոսելն ուղղակի աբսուրդ է: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Սահմանադրական բարեփոխումների նախագծի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազին անձեռնմխելիության բարձր շեմով օժտելու առաջարկը, ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը:

Սահմանադրական բարեփոխումների շրջանակում դատախազությունն առաջարկվել է անձեռնմխելիության բարձր շեմով օժտել ՀՀ գլխավոր դատախազին, առաջարկվում է նրան օժտել անձեռնմխելիությամբ ոչ միայն իր լիազորությունների ժամկետում, այլև՝ ժամկետը լրանալուց հետո՝ նրա կարգավիճակից բխող գործողությունների համար:

Ըստ այդմ՝ Գլխավոր դատախազը չի կարող բերման ենթարկվել, որպես մեղադրյալ ներգրավվել, կալանավորվել կամ ենթարկվել անձնական ազատության որևէ այլ սահմանափակման` առանց Ազգային ժողովի համաձայնության:

Գլխավոր դատախազի լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով, որով հստակ մատնանշվում է ինչպես Գլխավոր դատախազի, այնպես էլ ստորադաս դատախազի լիազորությունները, եւ ըստ այդմ կարող ենք փաստել, որ ստորադաս դատախազն ու գլխավոր դատախազն ունեն նույն լիազորությունները: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն` Գլխավոր դատախազն ուղղակի օժտված է որոշակի արտոնություններով, նա ունի 6 կարևորագույն սահմանադրական լիազորություններ, ինչպես շարքային ցանկացած դատախազ: Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

Մեջբերելով օրենքի պահանջը` փաստաբանը նշում է, որ այդ պաշտոնը զբաղեցնող անձի գործունեության ընթացքում կարող են առաջանալ վտանգավոր այնպիսի իրավիճակներ, որ որոշակի վտանգ ներկայացնեն իր հետագա մասնագիտական, ինչպես նաև ամբողջ գործունեության նկատմամբ, ինչն էլ հիմք է տվել Գլխավոր դատախազին կամ դատախազությանն այդպիսի առաջարկով հանդես գալ: Այս պարագայում ցանկալի և պարտադիր է, որ Գլխավոր դատախազը կամ Դատախազությունը հրապարակայնացնեն իրենց պատկերացումները Գլխավոր դատախազի սահմանադրական անձեռնմխելիություն տրամադրելու հարցի շուրջ, որը հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմել այդ առաջարկի վերաբերյալ:

Այդուհանդերձ, փաստաբանը դեմ է որպեսզի Գլխավոր դատախազին այդպիսի կարգավիճակ շնորհվի: «Նա ունի բազմաթիվ լիազորություններ և օրենսդրությամբ ապահովագրված անձ է իր մասնագիտական աշխատանքում, հետևաբար, եթե մասնագիտական գործունեության արդյունքում նա կիրականացնի հակաօրինական որևէ գործողություն, ապա պետք է բոլոր քաղաքացիների նման ենթարկվի պատասխանատվության, այդ թվում` քրեական, եթե նրա արարքների մեջ քրեաիրավական հետևանքներ առաջացնող գործողություններ կհայտնաբերվեն», – ասաց փաստաբանը:

Հակառակ պարագայում, ըստ նրա, այս կամ այն սուբյեկտին օժտելով անձեռնմխելիության բարձր մակարդակ նրան դարձնում ենք անկառավարելի, անվերահսկելի, ինչը հնարավորություն կտա այդ մարդկանց ՀՀ օրենսդրությամբ իրենց տրված լիազորություններն օգտագործել վերահսկողությունից դուրս գտնվող տիրույթում՝ ոչ ոքի առջև հաշվետու չլինելու հեռանկարով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս