ԲՀԿ-ն սեպտեմբերից շուտ քննարկման առարկա չի դարձնի սահմանադրական փոփոխությունները

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռևս չի քննարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: 168.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ փաստաթուղթը հանձնել են իրենց փորձագետ իրավաբաններին, և նրանք խմբակցության ու կուսակցության քաղխորհրդի համար համապատասխան եզրակացություն կպատրաստեն: Ըստ նրա՝ սեպտեմբերից շուտ կուսակցությունը քննարկման առարկա չի դարձնի ներկայացված դրույթները: Ձեռնպահ մնալով կուսակցության միասնական դիրքորոշումը ներկայացնելուց՝ Ն.Զոհրաբյանը նշեց, որ իր անձնական տեսակետով ներկայացված է «փնթի մի փաստաթուղթ»՝ բազմաթիվ հակասություններով լի:

«Ես, իհարկե, սահմանադրագետ չեմ, բայց վստահում եմ փորձառու իրավաբանների տեսակետին, որ այն լի է հակասահմանադրական դրույթներով: Ավելին՝ այնպիսի դրույթներ են ներառված, որոնք ոչ միայն ժողովրդավարական, այլ որևէ երկրի սահմանադրությունում գոյություն չունեն, մասնավորապես՝  կայուն մեծամասնության, ընտրությունների երկրորդ փուլի, պատգամավորական տեղերի լողացող սիստեմի, նվազագույնը 101 տեղերի, և այլն: Որևէ երկրի սահմանադրությամբ նման դրույթներ գոյություն չունեն»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Մասնագիտական հանձնաժողովի անդամների մեկնաբանությունները կայուն մեծամասնության վերաբերյալ, որ խորհրդարանական համակարգի դեպքում ցնցումներ չլինեն, և անընդհատ կառավարություններ չփոխվեն, ըստ Ն.Զոհրաբյանի, սա հիմնավորում չէ. «Փնթի տեքստ է, բազմաթիվ տարընթերցումների տեղիք տվող և հակասություններով լի, մասնավորապես, ասում է՝ երկրորդ փուլ գնում են առաջին և երկրորդ տեղեր զբաղեցրած ուժերը: Եթե ինչ-ինչ պատճառով երկրորդ տեղ զբաղեցրած ուժը հրաժարվում է գնալ երկրորդ փուլ, ի՞նչ է լինելու: Պատճառները կարող են բազմապիսի լինել, օրինակ՝ կարող է չհավատալ, որ առաջին փուլն արդար է եղել: Ու եթե հրաժարվում երկրորդ փուլից, ի՞նչ է լինում: Բազմաթիվ հարցականներ կան: Կամ 100%-անոց համամասնական ընտրակարգը, թվում է, թե միանշանակ ողջունելի տարբերակ է, ինչը ողջունում ենք նաև մենք, բայց եթե Ընտրական օրենսգրքով սահմանվելու է այն ռեյտինգայինը, ինչի մասին արդեն խոսվում է, ապա դա 100% մեծամասնական ընտրակարգից վատ ընտրակարգ է, որովհետև դա նշանակելու է, որ խորհրդարանում հայտնվելու են բացառապես այն մարդիկ, որոնք իրենց ռեյտինգը գնելու են փողով: Ես չեմ մեղադրում ժողովրդին, որ, այսօր սոցիալական խայտառակ վիճակից ելնելով, փողը վերցնելու է, և խորհրդարանում հայտնվելու են բացառապես մարդիկ, ովքեր վճարելու են իրենց ռեյտինգի համար, անկախ՝ այս սահմանադրությամբ ամրագրվող պետական լեզվի իրենց իմացություններն ինչ աստիճանի են: Նույնիսկ պետական լեզվի հետ լրջագույն հակասություն ունեցողը ռեյտինգային քվեարկության դեպքում հայտնվելու է խորհրդարանում, որովհետև գործելու է փող=ռեյտինգ բանաձևը. շատ փող՝ շատ ռեյտինգ, քիչ փող՝ քիչ ռեյտինհգ»:

Ն.Զոհրաբյանի խոսքով՝ դա ուղղակի փակելու է քաղաքական դեմքերի մուտքը խորհրդարան: Նա նշեց, որ, իհարկե, հիմա քննարկվում են մոդելներ, որ առաջին 5 կամ 10 տեղերը լինեն անփոփոխ, հետո գործեն ռեյտինգային և մյուս մոդելները, որ գոնե 1-2 քաղաքական դեմք լինեն խորհրդարանում, քանի որ հասկանում են դրա իրական վտանգները: Նա մեջբերեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի միտքը, որ այս սահմանադրությունը երկրի համար գերնպատակ չէ, և շատ ավելի կարևոր խնդիրներ կան, մասնավորապես՝ երկրի կայունությունը, սոցիալ-տնտեսական խնդիրը, և կոչ արեց գերնպատակ չդարձնել այս փաստաթղթի անցկացումն ու զբաղվել իրոք շատ ավելի լուրջ խնդիրներով, ինչպես երկրի ներքին ու արտաքին կայությունն է, ինչպես սոցիալ-տնտեսական հարցերն են:

Տեսանյութեր

Լրահոս