
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության անդամներն այրել են Իգդիրից Նախիջևան գնացող բեռնատարը

Հունիսի 17-ին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները Տաշբուրուն գյուղի մոտակայքում փակել են Իգդիրից Նախիջևան տանող ճանապարհը: Նրանք կանգնեցրել են ճանապարհով ընթացող բեռնատարը, որը պատկանել է մասնավոր ընկերության, ստիպել են վարորդին դուրս գալ, ապա բենզին են լցրել բեռնատարի վրա ու այրել:
Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ դեպքի վայր ժամանած իրավապահները չեն հայտնաբերել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամներին, ինչից հետո շրջանում ձեռնարկվել են լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ:
Նշվում է, որ բեռնատարն այրելուց հետո սև դիմակներով անձինք նստել են սև ավտոբուս ու դեպքի վայրից հեռացել:
Բեռնատարի մարման համար հրշեջ մեքենաներ են կանչվել, սակայն մեքենան ամբողջությամբ այրվել է:
Հրդեհի պատճառով Նախիջևան-Իգդիր-Բայազետ մայրուղին որոշ ժամանակով փակվել է: