«Վալդեսը հավատարիմ չէ մեր փիլիսոփայությանը: Նա պետք է հեռանա». Լուի Վան Գալ
Վիկտոր Վալդեսի և մարզչի միջև անհամաձայնությունը սկսվեց այն ժամանակ, երբ դարպասապահը հրաժարվեց խաղալ «մանկունյանցիների» պահեստային թիմում:
Հիմա հոլանդացին պնդում է, որ դարպասապահը մոտ ժամանակները լքելու է ակումբը:
«Վալդեսը մեզ հետ չի եկել միջազգային շրջագայության, որովհետև նա չի ընդունում մեր փիլիսոփայությունը: Փիլիսոփայությունն այն բանի, թե ինչպես խաղալ ֆուտբոլ և ինչպես հետևել խաղային ռիթմին:
Անցած տարի նա հրաժարվեց խաղալ պահեստային թիմում,- ցիտում է Վան Գալին Goal.com-ը: -Կան փիլիսոփայության շատ այլ ասպեկտներ, որոնց պետք է հետևի «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը: Եթե դուք չեք կարող ընդունել այդ սկզբունքները, ապա կա մեկ ճանապարհ. հեռանալ:
Մենք շատ հիասթափված ենք այս իրավիճակից: Մենք հույս ունեինք, որ Վալդեսը կընդունի մեր փիլիսոփայությունը: Ափսոս, որովհետև մենք նրան ռեաբիլիտացիայի հնարավորություն էինք տվել: Նրան պայմանագիր էինք տվել, որպեսզի նա կարողանա խաղալ: Բայց եթե դու չես խաղում հիմնական կազմում, ապա դու պետք է խաղաս պահեստային թիմում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը