Ուկրաինայի ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել Օդեսայում ՌԴ հյուպատոսին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել Օդեսայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնակատարին, հայտնում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:
«Համաձայն Վիեննայի կոնվենցիայի հյուպատոսական կապերի մասին 23-րդ հոդվածի՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն ռուսական կողմին հանձնել է նոտա՝ պահանջելով, որ Օդեսայում ՌԴ գլխավոր հյուպատոսի պաշտոնակատարը անհապաղ լքի մեր երկրի տարածքը»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ռուս դիվանագետի անունը չի հաղորդվում:
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակի խոսքով՝ որոշումը ընդունվել է «նրա դիվանագիտական գործունեության անհամատեղելիության, ինչպես նաև Վիեննայի կոնվենցիայի դրույթների խախտման պատճառով»:
Նշվում է, որ դիվանագետն արդեն հեռացել է Ուկրաինայից, հայտնում է BBC-ն: