Օրեր առաջ հակառակորդի կրակոցներից պայթել է Չինարիի գազատարը
Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում իրավիճակը վերջին օրերին հանգիստ է եղել. հակառակորդի կողմից գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել:
Հուլիսի 8-ի երեկոյան հակառակորդը ակտիվ կրակոցներ է արձակել Չինարի գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթել է գազատար խողովակը: Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը նշել է, որ գազատարի պայթյունի հետևանքով տուժածներ չեն եղել, իսկ համայնքի գազամատակարարումը հաջողվել է շատ արագ վերականգնել: «Հուլիսի 8-ի երեկոյան 18:00-ին պայթել է գազատարը, իսկ հուլիսի 9-ի առավոտյան 05:00-ին գազամատակարարումը վերականգնել ենք: Վերջին օրերին իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,- ասաց Սաղոյանը:
Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Սամվել Կամենդանտյանն էլ նշեց, որ իրավիճակը սահմանին հանգիստ է. գյուղի ուղղությամբ վերջին օրերին կրակոցներ չեն եղել: «Չգիտեմ՝ դիրքերում ինչ վիճակ է, սակայն գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,- նշեց նա:
Սահմանամերձ Այգեպար համայնքում էլ իրավիճակը հանդարտ է: Համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը նույնպես փաստեց, որ հակառակորդի կողմից ակտիվություն չի նկատվում. իրավիճակը հանգիստ է, կրակոցներ գյուղի ուղղությամբ չկան:
Աղբյուրը՝ artsakhpress.am: